Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Ամառային դպրոց

Մեր ամառային դպրոց-ճամբարի հերթական հիշարժան շաբաթը

Մեր ամառային դպրոց-ճամբարի հերթական հիշարժան շաբաթը։
Ռուսերենի և անգլերենի դասերի ընթացքում երեխաները տարբեր քվեստների, ուսուցողական ու զվարճալի խաղերի միջոցով սովորեցին բազմաթիվ նոր բառեր և արտահայտություններ։
Թատերական խմբակի շրջանակում ճամբարականները բեմադրեցին ներկայացումներ՝ հիմնված իրենց սիրելի հեքիաթների վրա՝ դրսևորելով ստեղծագործական մտածողություն, դերասանական հմտություններ և թիմային աշխատանք։
Շախմատի միջազգային օրվա առթիվ գրադարան էին այցելել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի ուսուցչուհիներ Անուշ Գրիգորյանը և Շուշան Հովհաննիսյանը։ Նրանք երեխաների համար կազմակերպեցին շախմատային մրցաշար, որն անցավ մեծ ոգևորությամբ, ակտիվ մասնակցությամբ և մրցակցային տրամադրությամբ։
Շաբաթվա ընթացքում ճամբարականներն ունեցան նաև ընթերցանության և մարմնամարզության ժամեր, մասնակցեցին բակային և ինտելեկտուալ խաղերի։
Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց վարպետաց դասը, որի ընթացքում ճամբարականները պատրաստեցին հեքիաթների հերոսների կերպարներ և դեկորներ։ Այնուհետև հենց իրենց ստեղծած աշխատանքների հիման վրա ստեղծեցին փոքրիկ մուլտֆիլմեր և մեծ ոգևորությամբ դիտեցին դրանք։
Շաբաթն ամփոփվեց Հովհաննես Շիրազի տուն-թանգարան կատարած մշակութային այցով, որի ընթացքում ճամբարականները ծանոթացան մեծ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը և լսեցին շատ հետաքրքիր պատմություններ։
Այս շաբաթը ևս դարձավ գիտելիքի, ստեղծագործության, խաղի և ընկերության գեղեցիկ համադրություն։ Իսկ առջևում մեզ սպասում են նոր բացահայտումներ, հետաքրքիր հանդիպումներ և անմոռանալի արկածներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով