Եվս մեկ շաբաթ նոր գիտելիքներով
Այս շաբաթն էլ մեր ճամբարականների համար լի էր նոր գիտելիքներով, ստեղծագործական բացահայտումներով, հետաքրքիր հանդիպումներով ու, իհարկե, շատ խաղերով ու արկածներով։
Անգլերենի և ռուսերենի դասերի ընթացքում երեխաները նոր բառեր ու արտահայտություններ սովորեցին՝ դրանք ամրապնդելով հետաքրքիր և ինտերակտիվ խաղերի միջոցով։ Իսկ թատերական արվեստի դասերին զարգացրին իրենց դերասանական հմտությունները և փորձեցին իրենց ուժերը բեմական տարբեր առաջադրանքներում։
Շաբաթվա կարևոր իրադարձություններից էր «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի ԲՏԱԲ-ի աշխատակիցների անցկացրած սեմինարը՝ «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով։ Ցուցադրական նյութերի միջոցով երեխաները ծանոթացան երկրաշարժի ժամանակ ճիշտ վարքագիծ դրսևորելու և անվտանգության պահպանման կանոններին։ Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին նյութը և հնարավորություն ունեցան նաև կիսվելու իրենց գիտելիքներով։
«Մասնագիտության հետքերով» ծրագրի շրջանակում մեր ճամբարականները հյուրընկալվեցին Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ Երեխաները շրջայց կատարեցին դպրոցում` ծանոթանալով դպրոցի գործունեությանը և վերջում իրենք էլ դարձան փոքրիկ նկարիչներ՝ ստեղծելով իրենց աշխատանքները։
Մասնագիտության հետքերով ծրագրի մեր հաջորդ կանգառը թիթեղագործ Գագիկ Մելքոնյանի արհեստանոցն էր։ Երեխաները ծանոթացան այս կարևոր ու հետաքրքիր մասնագիտության առանձնահատկություններին, տեսան վարպետի աշխատանքը և բացահայտեցին, թե որքան հմտություն, ճշգրտություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջում արհեստը։
Իսկ շաբաթվա ընթացքում, ինչպես միշտ, ժամանակ գտանք նաև ընթերցանության, մարմնամարզության, ինտելեկտուալ և բակային ակտիվ խաղերի համար։
Մեր ամառային դպրոցը պարզապես ճամբար չէ: Այստեղ ամեն օրը լի է նոր գիտելիքներով, փորձառություններով, արկածներով ու ջերմ պահերով:
