Հայ փիլիսոփայության պատմություն
Սեյրան Զաքարյանի «Հայ փիլիսոփայության պատմություն» դասագրքում լուսաբանվում են հայ փիլիսո-
փայական մտքի զարգացման փուլերը, դրանց առանձնահատկությունները, փիլիսոփայա-
կան ուղղությունների և դպրոցների ձևավորման ու զարգացման պատմական ընթացքը՝
անտիկ շրջանից մինչև XXI դարի սկիզբը, վերլուծվում ու գնահատվում են նշանավոր հայ
մտածողների, ի մասնավորի՝ Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնե-
ցու, Գրիգոր Տաթևացու, Միքայել Նալբանդյանի, Ստեփան Շահումյանի, Գեորգ Գյուրջի-
ևի, Շահան Պերպերյանի, Գեորգ Բրուտյանի, Համլետ Գևորգյանի, Էդուարդ Մարգարյա-
նի, Կարեն Սվասյանի, Գաբրիել Վահանյանի, Ռուբեն Ապրեսյանի և այլոց ուսմունքները,
ցույց են տրվում հայ փիլիսոփայության առնչությունները ինչպես եվրոպական (միջնադա-
րում՝ հունական, ասորական, բյուզանդական, արաբալեզու, լատինալեզու, նոր և նորա-
գույն շրջանում՝ ֆրանսիական, գերմանական, անգլիական, ռուսական) փիլիսոփայու-
թյան, այնպես էլ հայ ազգային-ազատագրական, հասարակական-քաղաքական և մշակու-
թային իրողությունների հետ։
Դասագիրքը նախատեսված է հայ մշակույթի, փիլիսոփայության պատմության և
աստվածաբանական մտքի պատմությամբ հետաքրքրվողների համար։
Հատված գրքից
1.8 Դավիթ Անհաղթի նորպլատոնական փիլիսոփայությունը V-VI դարերի հայ փիլիսոփայության մեջ ձևավորվում է նորպլատոնական ուղղությունը, որի խոշորագույն ներկայացուցիչն է «անհաղթ», «եռամեծ փիլիսոփա», սուրբ Դավիթ Անհաղթը 81 (V-VI դդ.): Ըստ հայկական աղբյուրների՝ նա ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Ներգին գյուղում, կրթություն ստացել Ալեքսանդրիայում, որտեղ աշակերտել է նորպլատոնականության դպրոցի նշանավոր փիլիսոփա Օլիմպիադորոս Կրտսերին։ Արևմուտքում հռչակվելով որպես «անհաղթ» փիլիսոփա («Անհաղթ» պատվանունը ստացել է հրապարակային փիլիսոփայական բանավեճերում տարած հաղթանակների համար)՝ նա հետագայում վերադառնում է Հայաստան, որտեղ զբաղվում է գիտակրթական և լուսավորչական գործունեությամբ: Ըստ Առաքել Սյունեցու՝ Դավիթը հայ պահպանողական հոգևորականների կողմից հալածվել է և ստիպված հեռացել Հայաստանի հյուսիս Հաղպատի վանք, որտեղ էլ մահացել է։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվել է ծննդավայր և թաղվել Մշո Սուրբ Առաքելոց վանքում (մինչև 1915 թ․ նրա գերեզմանը պահպանվում էր)։ Դավիթ Անհաղթը, գրում է Վ․ Չալոյանը, «հելլենացած հայ էր, բայց նրա հելլենիստական փիլիսոփայությունն այնքան միահյուսվեց հայ ազգային իրականության հետ և արմատավորվեց նրանում, այնպիսի ազդեցություն գործեց Հայաստանում տեսական մտքի զարգացման վրա, որ հարկ է Դավթի մասին խոսել որպես հայ մտածողի՝ նկատի ունենալով ոչ միայն նրա հայկական ծագումը, այլև այն մեծ ավանդը, որ իր փիլիսոփայությամբ մուծել է նա հայ ժողովրդի ազգային մշակույթի մեջ»: Դավիթ Անհաղթի գրչին են պատկանում հետևյալ աշխատությունները․ «Փիլիսոփայության սահմանումներ», «Պորփյուրի «Ներածության վերլուծություն», Արիստոտելի «Անալիտիկաների» և «Կատեգորիաների» վերլուծությունները, որոնք պահպանվել են հունարեն (բացառությամբ «Անալիտիկաների») և հայերեն: Դավիթ Անհաղթի անունով մեզ է հասել նաև մեկ ներբող «Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր» սկզբնավորությամբ։ 1980 թ. ՅՈՒՆԵԱԿՕ-ի որոշմամբ նշվել Է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: Վաղ միջնադարի հայ փիլիսոփայության պատմության մեջ Դավիթ Անհաղթն առաջին գիտնականն է եղել, ով ուրվագծել է փիլիսոփայական խնդրակարգի շրջանակը, տվել այդ գիտության հստակ սահմանումըմիաժամանակ որոշելով դրա խնդիրներն ու նպատակները, այսինքն իրականացրել է այն, ինչը վաղուց հասունացել էր, բայց չէր ձեռնարկվել նրա նախորդներից որևէ մեկի կողմից: Ընդ որում՝ նա այդ արել է՝ լիովին հրաժարվելով եկեղեցադավանաբանական և կրոնաաստվածաբանական պահանջներից։ Փիլիսոփայությունն իբրև գիտություն ձեռք բերեց իր սեփական դեմքը, վերջնականապես ձևավորվեց որպես գիտելիքի առանձին բնագավառ և որոշեց իր տեղը հին և միջնադարյան Հայաստանի գիտությունների ընդհանուր համակարգում:
