Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Մանկապատանեկան գրքի շաբաթվա ամփոփիչ միջոցառում

Շիրակի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա վերջին միջոցառումը:
«Սա այն ժամանակահատվածն է, երբ գիրքը դառնում է մեր լավագույն ընկերը, իսկ երաժշտությունը` մեր սրտի լեզուն: Գիրքը մեզ տանում է անհայտ աշխարհներ, սովորեցնում երազել, մտածել և լինել բարի: Իսկ երաժշտությունը մեզ օգնում է զգալ, հասկանալ և արտահայտել այն, ինչ երբեմն բառերով չենք կարող ասել», իր բացման խոսքում նշեց գրադարանի աշխատակցուհի Սուսաննա Պառավյանը։
Գրադարանի, Գյումրու «Սևանէ կրթահամալիր» զարգացման կենտրոնի և Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի հետ համատեղ պատրաստված միջոցառմանը բովանդակալից գեղարվեստական համարներով հանդես եկան երեխաները՝ ցուցադրելով իրենց բազմակողմանի տաղանդը, ստեղծագործական մոտեցումն ու բեմական բարձր կուլտուրան։
Յուրաքանչյուր ելույթ առանձնանում էր իր ինքնատիպությամբ, գեղարվեստական ձևավորմամբ և զգացմունքային ազդեցությամբ՝ ստեղծելով ջերմ, ոգեշնչող միջավայր։
Միջոցառման շրջանակներում երեխաներին առաջարկվեց ինտերակտիվ «Մտքի թռիչք» անակնկալ խաղը, որը նրանք մեծ հետաքրքրությամբ խաղացին գրադարանվարներ Սուսաննա Պառավյանի ու Դիանա Ստեփանյանի հետ միասին: Խաղը նպաստեց երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, արագ արձագանքելու կարողությանը և թիմային աշխատանքի հմտությունների ամրապնդմանը։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքերով հանդես եկան գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանն ու «Սևանէ կրթահամալիր»-ի տնօրեն Մերի Հարթենյանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների նշանակությունը երեխաների կրթության և դաստիարակության գործում։
Մանկակապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում անցկացված այս միջոցառումը դարձավ ևս մեկ գեղեցիկ առիթ՝ ընդգծելու գրքի և երաժշտության կարևորությունը երեխաների կյանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով