Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

«Ալեքսանդրապոլ. գթասրտության քաղաք»

Շիրակի մարզային գրադարանում կայացավ միջազգային գիտաժողով «Ալեքսանդրապոլ. գթասրտության քաղաք» խորագրով: Շիրակի մարզային գրադարանի նախաձեռնած գիտաժողովն իրականացվեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտութունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Գիտաժողովին մասնակցում էին բանախոսներ Գյումրիից, Երևանից, հեռակապովԱՄՆ-ից, որոնք տարբեր տեսանկյուններից մեկնաբանեցին դարասկզբին հայ ժողովրդին վերահասած արհավիրքի հետևանքով որբերի համար հանգրվան դարձած Ալեքսանդրապոլի որբախնամ կենտրոնների, դրանց ստեղծման համար ջանքեր գործադրած անհատների, մարդասիրական մղումներով ստեղծված կենտրոններում, ցավոք, տեղ գտած նաև անբարենպաստ իրավիճակների ու դարձյալ մարդկային կորուստների մասին: Ներկայացվեցին Հովհ.Շիրազի արձագանքը պատմական փաստին աղերսվող իրավիճակներին, Վահան Չերազի հայ մանուկների հետագա ճակատագրի մասին հոգածությունն ու որբախնամ գործունեությունը: Գիտաժողովին հեռակապով մասնակցում էին «Որբաքաղաք» գրքի հեղինակ Նորա Ներսեսյանը (Բոստոն, ԱՄՆ), Սոնա Վիոլա Մարտիրոսյանը (Նյու-Յորք, ԱՄՆ), Արփինե Բաղդոյանը (Երևան, ՀՀ Մերձավոր Արևելքի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն): Գիտաժողովին մասնակից Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի աշխատակցուհի Թեհմինե Մարտոյանը գրադարանին նվիրեց Ռոնալդ Գրիգոր Սյունիի «Հայոց ցեղասպանության պատմություն. «Նրանք կարող են ապրել միայն անապատում» արխիվային փաստաթղթերի ու ականատեսների վկայության վրա հիմնված տարեգրության անգլերեից կատարված հայերեն թարգմանության արժեքավոր հրատարակությունը:
Գիտաժողովը թվով երկրորդն էր, որ կազմակերպվում և իրականացվում էր նշված երկու կազմակերպությունների համագործակցությամբ և մասնակիցների կողմից գնահատվում իրենց ասելիքի կարևորությամբ: Հասարակության լայն շրջաններին հասանելի դարձնելու նպատակով որոշվեց առաջիկայում առանձին գրքով հրատարակել ներկայացված բոլոր զեկուցումները, որոնց ցանկը ներկայացվում է ստորև :

  1. Ադամյան Նինետա (Երևան,ՀՀ)-«Դրվագներ Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի մասնաճյուղի գործունեությունից» ,
  2. Ալեքսանյան Կարինե(Գյումրի, ՀՀ) «Արևմտահայ որբերի դրությունը 1920-1921թ.թ. Ալեքսանդրապոլի գավառի թուրքական բռնազավթման»շրջանում»,
  3. Այվազյան Գևորգ (Գյումրի,ՀՀ) «Ալեքսանդրապոլի որբանոցները 19-րդ դ. 60-70-ական թվականներին»,
  4. Ավագյան Ինգա (Գյումրի,ՀՀ) «Մերձավորարևելյան Ամերիկայի նխաստամատույցի որբանոցներն ըստ մեծ եղեռնը վերապրածների հուշապատումների»,
  5. Բոյաջյան Արտաշես(Գյումրի,ՀՀ) «Ալեքսանդրապոլի որբերի թվի շարժընթացը (1920-1928թ.թ.)»,
  6. Ինգեռ Մարիա Օկենհաուզ (Վոլդա,Նորվեգիա) «Լույսի աղբյուր. Նորվեգական որբանոցն Ալեքսանդրապոլում 1922-1925թ.թ.»,
  7. Հայրապետյան Արմեն (Գյումրի,ՀՀ) «Դրվագներ ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ալեքսանդրապոլում ծավալած գործունեության պատմությունից 1919-1920թ.թ.»,
  8. Հարությունյան Հասմիկ «Երաժշտությունը Ալեքսանդրապոլի մանկատների կրթական համակարգերում»,
  9. Հովհաննիսյան Հեղինե(Երևան, ՀՀ) «Վահան Չերազի գործունեությունը գթասրտության քաղաք Ալեքսանդրապոլում»,
  10. Հովսեփյան Մարիամ(Երևան,ՀՀ) (Հայ որբերի հինախնդիրների անդրադարձը «Վերջին լուր», «Ազատամարտ», «Ժամանակ» օրաթերթերի էջերում»,
  11. Մանուկյան Անի (Երևան, ՀՀ) «Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կովկասյան մասնաճյուղի կողմից որբերին ու գաղթականներին սնունդով ապահովելու ծրագրերի իրականացումն Ալեքսանդրապոլում»,
  12. Մատիկյան Հասմիկ (Գյումրի, ՀՀ) «Որբության նկարագիրը Հովհաննես Շիրազի երկերում»,
  13. Մարտոյան Թեհմինե (Երևան,ՀՀ) «Ալեքսանդրապոլը` հայ մանկանց բույն. Վահան Չերազի բարեխնամ գործունեությունը»,
  14. Մարտիրոսյան Շանթ (Նյու-Յորք, ԱՄՆ) «Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտե: Պատմական ակնարկ»:
  15. Հայ որբերի հինախնդիրների անդրադարձը «Վերջին լուր», «Ազատամարտ», «Ժամանակ» օրաթերթերի էջերում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով