Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Թումանյանը միշտ մեզ հետ է

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական գեղեցիկ և ուսուցողական միջոցառում: «Թումանյանը միշտ մեզ հետ է» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր Հովհ. Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին: Դա մի բովանդակալից և իր անցկացման ձևաչափով յուրօրինակ գրական-գեղարվեստական ցերեկույթ էր, որը ներկայացվեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի աշակերտների կողմից: Կազմակերպիչներն էին ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Ն.Գալստյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կարապետյանը: Գրադարանի «վերնահարկ» սրահում թևածում էր թումանյանական շունչը: Միջոցառման ներկաները լսելով և մտորելով Ամենայն հայոց բանաստեղծի անմար քառյակների բովանդակության շուրջ` դպրոցականների ուղեկցությամբ «շրջեցին» Լոռվա հրաշք բնության գրկում, Դեբեդի պղտոր ջրերի ափին լսեցին Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունը, հասան մինչև Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում գտնվող միջնադարյան Թմուկ բերդ: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ պարային և Թումանյանի բանաստեղծություններով մշակված երգերի գեղարվեստական կատարումներով: Նկատելի էր և գնահատելի մանկավարժների կատարած լուրջ աշխատանքը, որն ակնհայտորեն արտահայտվեց աշակերտների ցուցաբերած կազմակերպվածությամբ ու պատրաստվածությամբ: Միջոցառման ավարտին ՇՄԳ փոխտնօրեն Գ. Գևորգյանը իր շնորհակալական խոսքում կարևորեց ուսուցիչների դերն ու նշանակությունը ներկայիս սերնդի կրթության և դաստիարակության գործում, դրվատանքի խոսքեր ասաց դպրոցականներին և բոլոր մասնակիցներին ցանկացավ ապրել ու արարել մեծն Թումանյանի կանխատեսած ՆՈՐ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով