Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Քաոս

«Վերնահարկ» սրահը ձևավորված էր կիսահրդեհված պաստառներով, գունազրկված գրքերի թերթոններով…
Էկրանին ցուցադրվում էր համանուն ֆիլմը…
Մանկապատանեկան բաժնի վարիչ Սեդա Գևորգյանը ողջունելով հյուրերինընդգծեց, որ այսօր առավել քան երբևէ, հայրենի հողն ու սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ապրելու ու արարելու հայի դարավոր ձգտումը նորովի է կարևորվում:Տարվա ընթացքում հաշվի առնելով ընթերցողների կողմից ամենաշատ պահանջված և ընթերցված գրքերից մեկը այսօր քննարկվելու է Շիրվանզադեի «Քաոս» վեպը:
Միջոցառումը սկսվեց Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ ՀՐԴԵՀԻ անսովոր տեսարանով, խուճապով ու տագնապով: Թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտները իրենց հարցերով առավել ընդգրկուն և մանրամասն ներկայացրեցին Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքն ու կենսագրությունը, քանզի բոլոր հարցերին պատասխանում էր անձամբ գրողի կերպարը մարմնավորող աշակերտը: Տնտեսագիտական վարժարանի սաները պատմեցին «Քաոս» վեպի սցենարը, վերլուծեցին գրքի հերոսների կերպարներն իրենց իսկ գնահատմամբ ու պատկերացմամբ :
Թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին խոսեցին 1973 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված համանուն ֆիլմի մասին։ Զուգահեռներ անցկացրեցին 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված 16 մասից բաղկացած հեռուստասերիալի միջև:
Միջոցառման գեղարվեստական մասն իրենց անհատական կատարումներով զարդարեցին «Վարդուհի» արվեստի դպրոցի սաներըԱրփինե Քելեմյանը, Զոյա Սարիբեկյանը, Մոնիկա Վարդանյանը: Իր ամփոփիչ խոսքում գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը խրախուսեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մանկավարժներին հայ դասական գրականության նկատմամբ աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն սերմանելու, գրագետ և բանիմաց սերունդ կրթելու և ձևավորելու համար: Իրենց տպավորություններով կիսվեցին նաև մասնակից դպրոցների մանկավարժները: Ներկաները «վերնահարկ» սրահից հեռացան «Քաոս» ֆիլմի երաժշտության հնչյունների ուղեկցությամբ: «ԿՅԱՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՄԵՆԸ ԱՆԳԱՄ ՔԱՈՍԸ …» ԱԼԵՔՍԱԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով