Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում Սուսաննա Մկրտչյանի հետ

…Ես սիրում եմ ինքնուրույն գտնել հաղթության իմ ճանապարհը։
Սուսաննա Մկրտչյան

Մայրության ու գեղեցկության միամսյակի շրջանակներում «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում այսօր անցկացվեց հերթական միջոցառումը: «Վերնահարկ» սրահը լեփ-լեցուն էր ուսանողներով, մտավորականներով, ընթերցողներով, արվեստ սիրող ու գնահատող մարդկանցով: Եկել էին հանդիպելու գրադարանի լավագույն բարեկամ, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ, Գյումրու Պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանի հետ : Արվեստի բաժնի աշխատակիցները /բաժնի վարիչ՝ Հասմիկ Ավետիսյան/ միջոցառմանը համահունչ ՝«Վերնահարկ» սրահը վերածել էին գողտրիկ հյուրասրահ-թանգարանի, որտեղ ջերմ ու հյուրընկալ ընդունելությունը և արվեստի հետ հաղորդակցումը միահյուսված էին միմյանց: Ցուցադրության դրված «Գյումրի՛, իմ սեր» շարքում, նկարչուհին ներկայացրել էր հարազատ քաղաքն իր ինքնատիպ կոլորիտով , Ալեքպոլ-Գյումրու կյանքն ու կենցաղը, անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, գյումրեցու անկրկնելի բնավորությունը, նրա ոգին ու շունչը: Էկրանից հնչող մեղմ ու հոգեպարար երաժշտության դադարից հետո՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհիներ Հ. Խաչատրյանը և Մ. Անտոնյանը իրենց հրաշալի կատարմամբ ներկայացրեցին Արմեն Մովսիսյանի «Հուսո առագաստ» ստեղծագործությունը: Այնուհետ ցուցադրվեց տեսաֆիլմ ՝ որտեղ իր արվեստանոցում գյումրեցի ամենակոլորիտային կինն էր՝ վրձինն ու ներկապնակը ձեռքին, իր հարազատ քաղաքը երբեք չլքելու վճռականությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բոլոր կանանց Մայրության ու գեղեցկության միամսյակի կապակցությամբ ՝ գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը սիրով ներկայացրեց Սուսաննա Մկրտչյանին, մի արվեստագետի, որին վերջերս շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում, մի նկարչուհու, որի ստեղծագործությունները նոր գույն, շունչ, կենդանություն են հաղորդում քաղաքին , մի մանկավարժի, որն իր ամենօրյա անդուլ աշխատանքով բացահայտում է նոր տաղանդավոր երեխաներ և կրթում սերունդներ: Տիկին Մկրտչյանի բնութագրական կերպարը տարբեր տեսանկյուններով շատ նրբորեն և ինքնատիպ ներկայացրեց ՀԳՊԱ գյումրու մասնաճյուղի դասախոս, արվեստաբանության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը: Գյումրու Մերկուրովի անվ. նկարչական դպրոցի տնօրեն Ժակլին Սարգսյանը ունեցած հաջողությունների և ձեռքբերումների համար հայտնեց նկարչուհուն իր շնորհակալությունը: Գրադարանի փոխտնօրեն Գ. Գևորգյանը նշեց, որ շատ վաղուց ճանաչելով տիկին Սուսաննային և լինելով նրա արվեստի երկրպագուն նաև անչափ հպարտ է, որ նրա ժամանակակիցն է: Տիկին Մկրտչյանի հանդիպումը ներկաների հետ վերածվեց շատ ջերմ, անմիջական ու անկաշկանդ զրույցի: Արվեստագետը միջոցառման մասնակիցների հետ կիսվեց իր հուշերով, անցած աշխատանքային ճանապարհով, ապրումներով ու խոհերով, իր ստեղծագործական մտորումներով, ժամանակակից երիտասարդ սերնդին ուղղված իր խրատական խորհուրդներով: Պատասխանելով իրեն ուղղված հետաքրքրասերների հարցումներին՝ տիկին Սուսաննան միջոցառման ավարտին բոլորին սիրով հրավիրեց մասնակցելու ապրիլի 12-ին Երևանի նկարիչների միությունում «Իմ հոգու տուն Գյումրի» խորագիրը կրող իր անհատական աշխատանքների ցուցադրությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով