Երեխաների կրթական իրավունքներն ու պարտականությունները
«Իմ իրավունքը» կրթական ծրագրի շրջանակում Շիրակի մարզային գրադարանը քաղաքի և մարզի մի շարք դպրոցներում կազմակերպում է կրթական սեմինարներ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրավագիտակցությունը, իրազեկել նրանց իրենց իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև դրանք կարգավորող օրենսդրական ակտերի և նորմատիվային դրույթների մասին։
Այս անգամ կրթական սեմինարն անցկացվեց Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում։ Հանդիպման թեման էր՝ «Երեխաների կրթական իրավունքներն ու պարտականությունները»։
Սեմինարը վարեց Շիրակի մարզային գրադարանի մանկապատանեկան բաժնի գրադարանավար Աննա Գնթունին։
Հանդիպման ընթացքում աշակերտները մանրամասն ծանոթացան թեմային, ուսումնասիրեցին կրթության իրավունքի կարևոր կողմերն ու իրենց պարտականությունները։ Հարցուպատասխանի ձևաչափով կազմակերպված քննարկումը հնարավորություն տվեց ամրապնդելու ձեռք բերած գիտելիքները, արտահայտելու սեփական տեսակետներն ու ստանալու հուզող հարցերի պատասխանները։
Այսօրինակ հանդիպումները ևս մեկ անգամ փաստում են, որ ժամանակակից գրադարանը վաղուց արդեն պարզապես գրքերի պահոց չէ։ Այն գիտելիքի, տեղեկատվության տարածման, կրթության և իրավագիտակցության բարձրացման կարևոր կենտրոն է, որը նպաստում է իրազեկ, պատասխանատու և սեփական իրավունքները ճանաչող սերնդի ձևավորմանը։
