Ֆրիտյոֆ Նանսեն-165
«Պատմության հետքերով» կրթական ծրագրի շրջանակում Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ սեմինար-միջոցառում՝ նվիրված նորվեգացի մեծ մարդասեր, գիտնական, դիվանագետ և հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 165-ամյակին։ Միջոցառումը վարեց գրադարանի աշխատակցուհի Ռոզի Միքայելյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Նանսենի կյանքի ու գործունեության կարևոր դրվագները, Հայաստան կատարած նրա ուղևորությունը, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանությունից հետո նրա ծավալած մարդասիրական գործունեությանը, որի շնորհիվ հազարավոր հայեր կարողացան փրկվել և ապաստան գտնել։ Նանսենի աջակցությամբ և նախաձեռնությամբ հազարավոր հայեր հնարավորություն ստացան վերադառնալու Հայաստան, իսկ Նանսենյան անձնագրերը դարձան փրկության ու ազատ տեղաշարժի կարևոր միջոց՝ ցեղասպանությունից փրկված շուրջ 320 000 հայերի համար։ Մինչև իր կյանքի վերջը Նանսենը գործեց հայ ժողովրդի համար, նրա ցավը դարձրեց իրենը և պայքարեց մի ողջ անիրավ ու անտարբեր աշխարհի դեմ:
Միջոցառմանը ներկա էին «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողները՝ դասախոս Խ. Պալյանի ուղեկցությամբ, «Գյումրու գեղարվեստի և կիրառական արհեստների պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողները, ինչպես նաև գրադարանի ընթերցողներ ու աշխատակիցներ։
Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը պատմական հիշողության պահպանման և հայ ժողովրդի համար մեծ ավանդ ունեցող անհատների կյանքի ու գործունեության ճանաչման գործում։
