ՄԱՐԴԸ ԵՎ ՄԱՐՏԸ

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում ժամը 14:00-ին կայացավ հանդիպում երիտասարդ գրող, գրականագետ, դասախոս Սոնա Վանյանի և Գյումրու ընթերցողների հետ: Սոնա Վանյանը ներկայացրեց վերջերս հրատարակված իր «ՄԱՐԴԸ ԵՎ ՄԱՐՏԸ»իրապատում պատմվածքների ժողովածուն, որը 2020 թվականի արցախյան պատերազմի հերոս հայորդիների մասին էր:
Գիրքը միակն է իր տեսակի մեջ, որն անդրադարձել է կոնկրետ, իրական հերոսներին, չփոխելով անուն ու իրադարձություն, որտեղ հեղինակը հնարավորինս իրական ու կենդանի կերտել է քաջերի կերպարը՝ համեմելով գեղարվեստական լուծումներով։ Հանդիպմանը հրավիրվել էին գյումրեցի մարտիրոսված հերոս Ալեքսան Սիմոնյանի մայրը, մորաքույրը, դպրոցի տնօրենը, ընկերներ և նրան ճանաչողներ: Հերոսի մասին գրված «Իմ կյանքը իմ պատերազմն է» պատմվածքի ընթերցումից հետո արտահայտվողների խոսքը անչափ հուզիչ էր ու ցավոտ… Դպրոցի տնօրենը իր խոսքում նշեց, որ Ալեքսանը միակը չէ, դպրոցն ունի ևս 4 հերոս նահատակված շրջանավարտներ, որոնց անուններով շուտով դասասենյակներ կբացվեն դպրոցում: Ընդառաջելով գրքի հեղինակի ցանկությանըտնօրենը խոստացավ հրավիրել անվանական դասասենյակների բացման արարողությանը: Ս.Վանյանը իր գրքից երկու օրինակ նվիրաբերեց մարզային գրադարանին, մեկական օրինակ թիվ 45 դպրոցի տնօրենին, Ալեքսան Սիմոնյանի ընկերներներին: Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը շնորհավորեց Սոնա Վանյանին, իր խոնարհումի խոսքն ուղղեց հերոսի մորը մանկավարժ Գոհար Սիմոնյանին, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և իր հուզառատ խոսքի ավարտին շեշտեց, որ «ՄԱՐԴԸ ԵՎ ՄԱՐՏԸ» իրապատում պատմվածքների ժողովածուն բուռն ապրումների և հույզերի, կարոտի և սիրո, սպասման ու հավատի մասին է։ Պատմվածքներից յուրաքանչյուրը մի հերոսապատում է, անմնացորդ նվիրումի օրինակ, որն անշուշտ ոգեշնչելու է հաջորդ սերունդներին:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով