Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Թումանյանական շունչ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում հերթական միջոցառումն անցկացվեց Շիրակի մարզային գրադարանում: «Վերնահարկ» սրահում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասվար Նաիրա Ղուկասյանի և մի քանի այլ մանկավարժների ուղեկցությամբ: Թումանյանական շնչով, բնության տեսարաններով, հեքիաթային պատկերներով ձևավորված սրահում՝ փափուկ նստոցների /օթոցների/ և սեղանների շուրջ նստած բոլոր մասնակիցները հագնված էին միատեսակ, շատ ճաշակով ու թումանյանական հեքիաթների հերոսների հանդերձանքով: Դասվարի օգնությամբ՝ երեխաները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղու մասին ուշագրավ դրվագներ, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա իմաստուն մտքերով ու խրատ- խորհուրդներով լեցուն պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա հայտնի ասույթները: Բեմադրեցին «Շունն ու կատուն», «Չարի վերջը»: Դասվար Ն. Ղուկասյանը շատ հմտորեն և նրբորեն վարելով դասը, կարողացավ բոլորին հավասարապես ընդգրկել դասավարման ընթացքին: Ուսուցչուհու բոլոր հարցադրումներին երեխաները ոգևորությամբ և շտապողականությամբ տալիս էին ճիշտ , գրագետ, պարզունակ ու անկեղծ պատասխաններ:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանին նվիրված բաց դաս-միջոցառումն անցավ ինտերակտիվ զրույցի, հարց ու պատասխանի ակտիվ ու աշխույժ մթնոլորտում: Դա մի հրաշալի դաս-միջոցառում էր՝ երեխաների մեկնաբանություններով, վերլուծություններով, բեմադրությամբ, ասմունքով, երգ ու պարով:

«Վերնահարկ» սրահում թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը: Բովանդակալից ու հոգեպարար դաս-միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին:

Գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գևորգյանը ամփոփիչ խոսքում իր հիացական խոսքն ուղղեց երեխաներին և շնորհակալություն հայտնեց մանկավարժներին ու բոլոր մասնակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով