Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Հայտարարություն

Ընթերցանության տարվա մեկնարկ

Պատրա՞ստ եք ընթերցանության ամենահետաքրքիր շղթային։
Այս ուսումնական տարին Ընթերցանության տարի է, իսկ մենք այն դարձնում ենք ավելի հետաքրքիր։
Շիրակի մարզային գրադարանը մեկնարկում է «30 օրում՝ 100 էջ» նախաձեռնությունը, որի ընթացքում դպրոցները ոչ միայն կկարդան, այլև կփորձեն իրենց գիտելիքները, կհավաքեն միավորներ ու ընթերցանության էստաֆետը կփոխանցեն հաջորդ դպրոցին։
Ինչ է սպասվում`
Ամեն ամիս մեկ դպրոց,
Մեկ գիրք,
30 օր՝ այն ընթերցելու համար
Ամսվա ավարտին՝ հանդիպում գրադարանում,
Հետաքրքիր հարցեր, հանելուկներ ու առաջադրանքներ՝ գրքի հերոսների, սյուժեի և հեղինակի վերաբերյալ,
Միավորներ
Իսկ հետո… սկսվելու է ամենահետաքրքիր մասը․ մասնակցած դպրոցը ընթերցողական մարտահրավերը կփոխանցի մեկ այլ դպրոցի՝ առաջարկելով կարդալ գրադարանի կազմած ցանկից մեկ այլ գիրք։
Եվ այսպես՝ դպրոցից դպրոց, գրքից գիրք, մինչև մայիս՝ ուսումնական տարվա ավարտ։
Մայիսին կամփոփվեն բոլոր դպրոցների արդյունքները, և ամենաշատ միավորներ հավաքած դպրոցը կստանա նվերներ։
Մեկնարկը՝ հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը։
Եվ քանի որ 7-ը մեր մեկնարկային թիվն է, նախաձեռնության առաջին մասնակիցը կլինի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը։
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի գրքասերները 30 օրում ընթերցելու են Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմություններ» գրքից ընտրված պատմվածքները։
Իսկ թե հաջորդը ո՞ր դպրոցը ու գիրքը կլինի, կորոշեն հենց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի գրքասերները։
Հետհաշվարկը սկսված է։
Մի ամբողջ ուսումնական տարի՝ գրքերի, բացահայտումների ու նոր պատմությունների աշխարհում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով