Դավիդ Ֆոենկինոս` Շարլոթ
Այս վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում. նա հղի էր: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ «Կյա՞նք, թե՞ թատրոն»:
Հատված գրքից
Շարլոթը, մինչ կառամատույցն անհետանա, դուրս է նայում: Պատուհանից գլուխն հանած՝ քամին շաչում է երեսին: Տղամարդու մի չոր ձայն է հնչում խցում: Օրիորդ, փակեք լուսամուտը, թե կարող եք: Եվ պահանջը կատարելով՝ գրավում է նա իր տեղը: Շարլոթն անցնող պատկերները երբ դիտում է, լացն է զսպում: Ուղևորներն հարց են տալիս, պատասխանն է նրա հակիրճ: Ամեն ինչի դիմում են, որ զրույց վարեն փակուղու մեջ։ Մտածում են, շատ անկիրթ է այդ աղջիկը կամ մեծամիտ: Թող մտածեն, ինչ ուզում են: Դա այլևս կարևոր չէ։ Երբ Ֆրանսիայի սահմանին են՝ փաստաթղթերն են ստուգում: Հարցնում են ճամփորդության նպատակը: Այցելում եմ ծանր հիվանդ իմ տատիկին: Ու մաքսատան աշխատողը լայն ժպիտ է բաշխում նրան: Դժվար բան չէ խաղալ բարի արիացու իսկական դեր: Այս կերպարի դերում Շարլոթն հիասքանչ է: Գտնվում է մի աշխարհում, ուր չի թքի ոչ ոք վրադ: Բարբարայի աշխարհն է սա: Ձեզ սիրում են, գուրգուրում են, պաշտում են ձեզ:
