Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Mary’s Planet Artik» խնամքի և զարգացման կենտրոն

«Շիրակի մարզային գրադարան այցելելու միտքը վաղուց կար, շատ էի ուզում մեր կենտրոնի երեխաներին բերել գրադարան, որպեսզի ծանոթանան գրադարանի աշխատանքներին, հասկանան, տեսնեն աշխատանքը, շրջեն գրադարանում, զգան գրքերի բույրը, սիրեն գիրքը և անցնեն հեռախոսներից գրքերի».-ասում է Արթիկ քաղաքի «Mary’s Planet Artik» խնամքի և զարգացման կենտրոնի տնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ կենտրոնի երեխաները այցելել են նաև Ավ.Իսահակյանի տուն-թանգարան և տպավորված են: Խմբում կենտրոնի 1-4-րդ դասարանցիներ էին, նշված կենտրոնի ամառային դպրոցի մասնակիցներ:
Երեխաներին գրադարանի մանկապատանեկան բաժնում ընդունեցին ջերմորեն, ինչպես բոլոր այցելուներին,ուղեկցեցին գրադարանի բաժիններ, բացատրեցին յուրաքանչյուր բաժնի նշանակությունը, պատմեցին գրքային ցուցադրությունների մասին: Գրադարանի բացօթյա պատշգամբում նրանց համար գրադարանավարուհի Մարինա մորաքույրը ընթերցեց հեքիաթներ: Գրադարանից ստացած նրանց վառ տպավորությունը անթաքույց էր: Կենտրոնի տնօրենը խոստացավ, որ առաջիկայում կկազմակերպեն կենտրոնի այլ սաների այցելություններ ևս: Իսկ մարզային գրադարանում ուրախ են ցանկացած խմբի այցելության համար. մանկապատանեկան բաժնի գրադարանավարները հաճույքով են կատարում մանուկ ու պատանի ընթերցողների շրջանում մանկապատանեկան գրքի քարոզչության, գրադարանի գրքերի հարուստ ու հետաքրքիր աշխարհը նրանց համար բացահայտելու կարևոր աշխատանքը, քանզի արժևորում են գրքի ունեցած կարևորությունը դպրոցականների լիարժեք կրթության, լեզվապաշարի հարստացման, հետաքրքրությունների ձևավորման և աշխարհայացքի ընդլայնման գործում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով