Երեքշաբթի, 23 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի և «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխհամագործակցության շնորհիվ՝ գրադարանի բակում անցկացվեց մարզական միջոցառումսպորտլանդիա... Մանկապատանեկան բաժնի վարիչ Ս. Գևորգյանը ողջունելով ներկաներին, շնորհավորեց երեխաներին՝ նրանց խաղաղ ու անհոգ մանկություն ցանկանալով, իր խոսքում նշելով, որ նրանք են մեր ապագա բժիշկները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները, մանկավարժներն ու ծրագրավորողները, իրավաբաններն ու լրագրողները՝ պարզապես մեր հայրենիքի վաղվա կերտողները: Այնուհետ ներկայացրեց խաղահարթակում մրցող «ԱՆԻ» և «ՄՈՒՇ» թիմերին՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտներին, որոնք խաղալու էին ինչպես տարբերվող համազգեստներով, այնպես էլ տարբերվող կարմիր ու կապույտ կրծքանշաններով: Այնուհետ ներկայացրեց ժյուրիի կազմը. Նախագահ Կարեն Մանուկյան, կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ. Անդամներ՝Լևոն Վանոյան սամբոյի պատանիների առաջնության Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռաֆայել Ալեքսանյան Համաշխարհային բանակային խաղերի մրցանակակիր, աշխարհի գավաթի մրցանակակիր և Գևորգ Ամիրյան ՇՄԳ տնօրեն:
Երեխաները մեծ սեր ունենալով սպորտի նկատմամբ, խաղավար նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ պարոն Պետրոս Բաղդասարյանի շնորհիվ շատ լավ էին նախապատրաստվել սպորտլանդիային:
Թիմերը մրցեցին 6 խաղային ձևերի շրջանակում. վազք փայտիկի փոխանցմամբ, փայտիկի գլորում և կանգնեցում տարածության վրա, անցում արգելքի վրայից, գնդակների տեղափոխություն կոների վրա, կարտոֆիլի տնկում և հավաքում, օլիմպիական խորհրդանիշի հավաքում, պարանի ձգում:
Տարբերվող խաղային ձևերի միջոցով երեխաները ցուցադրեցին իրենց ֆիզիկական մարզավիճակը`ճկունություն, ճարպկություն, արագաշարժություն և դիմացկունություն:
Միջոցառման ընթացքում բակում տեղադրված հեռուստաէկրանին ցուցադրվում էին մեր մարզական հերոսների նվաճումներից կադրեր, հնչում էին հաղթական ու հայրենասիրական երգեր: Միջոցառման բոլոր ներկաները, երեխաների ծնողները, գրադարանի աշխատակիցները ոգևորում էին սպորտլանդիայի մասնակիցներին իրենց խանդավառությամբ, ուրախանում նրանց հաջողություններով : Միջոցառումն անցավ շատ ուրախ ու աշխույժ, հաճելի ոգևորության մթնոլորտում: Անաչառ ժյուրին շատ փոքր առավելությամբ լավագույն թիմ ճանաչեց «ՄՈՒՇ» թիմին:
Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը հաղթական «օլիմպիական գավաթ» և շնորհակալագիր հանձնեց թիվ 11 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, խաղավար Պետրոս Բաղդասարյանին: Իսկ սպորտլանդիայի բոլոր մասնակիցները ստացան «քաղցր հուշամեդալներ»:
Ընկերական ջերմ մթնոլորտում երեխաները շնորհավորեցին միմյանց, քանի որ սպորտը օգնում է նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար և բարձրացնել ինքնագնահատականը:
Մարզային գրադարանի բակում օրվա ընթացքում թևածում էր սպորտային ուրախությունն ու հաղթական բերկրանքը….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով