Հինգշաբթի, 29 Փետրվարի, 2024
Միջոցառումներ

Հունիսի 1

Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք….
Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Շիրակի մարզային գրադարանում նշվեց ինչպես միշտհետաքրքիր և տարբերվող ձևաչափով: Գրադարանի մանկապատանեկան բաժնի աշխատակիցները օրը յուրօրինակ տոնի վերածեցին բոլոր ներկաների համար: Նախապես տոնական զարդարված գրադարանի բակում, բացօթյա ընթերցարանում աշխույժ եռուզեռ էր, երգ ու ծիծաղ: Գույնզգույն դեկորներ, հեքիաթային հերոսներ, գունագեղ նկարներ, նկարվելու համար պատրաստված շրջանակներ, փուչիկներ, ծաղիկներ, մանկական երգեր ու պարեր… Գյումրու Մտորումների թատրոնի (գեղ. ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհ. Հովհաննիսյան) փոքրիկ դերասանները բեմականացրեցին Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթը անմիջական ու ջերմ մթնոլորտում բոլորին խինդ ու ծիծաղ պատճառելով: Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները (դասվար Ա. Պապիկյան) իրենց ավարտական միջոցառումից մի գեղեցիկ հատված ներկայացրեցին, որը նույնպես ներկաների կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ:
Հունիսմեկյան միջոցառմանը մասնակցում էին նաև «ԱՍՀՆ Գյումրու երեխաների տան» հրաշամանուկները:
Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը շնորհավորեց աշխարհի բոլոր երեխաներին ցանկանալով անհոգ մանկություն, լուսավոր օրեր և խաղաղ երկինք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով