Հայոց բանակի 30-ամյակ

Հպարտացել ու այսօր էլ հպարտանում ենք մեր բանակով, մերով, անպարտելի ՀԱՅԿԱԿԱՆՈՎ, որը կանգնած է հայրենի հողի պաշտպանության բնագծերում: 44-օրյա պատերազմը կսկծալի ավարտ ունեցավ բոլորիս համար…այն հազարավոր մատաղ կյանքեր արժեցավ, կյանքեր, որ երազանքներ ունեին, որ ծնվել էին ապրելու, ստեղծագործելու, արարելու համար:
Ինչպես չհիշենք բանաստեղծին՝ «…ամեն մեկը մի տան ճրագ…», ճրագնե՜ր, որ մարեցին՝ դառնալով հուշ ու հիշողություն, որոնց հիշատակի առաջ խոնարհվում ենք ու խոստանում՝ «միշտ հպարտանալու ենք, չենք մոռանալու»:
Արցունքախառն այս, հոբելյանական ասեմ, թե՝ հուշ- ցերեկույթը Շիրակի մարզային գրադարանում ներկայացրեցին «Գյումրու թիվ.1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի ուսանողները (դասախոս՝ Դ. Համբոյան)՝ապագա խոհարարը, վարսավիր-դիմահարդարը, ռադիոմեխանիկը…, ովքեր վաղը համալրելու են Հայոց բանակի շարքերը: Հայրենիքի համար իրենց կյանքը տված ամեն մի զինվորի համար ասված նրանց խոսքը, հայրենիքի սիրո ու մոր կարոտի նրանց երգը սրտառուչ էր, հուզող… Միջոցառմանը մասնակցելու հրավիրված, զոհված մարտիկների մայրերի՝ միջոցառման մասնակից պատանիներին ուղղված խոսքը զուսպ էր ու բարեմաղթանք՝ ապրել խաղաղ երկրում:
Միջոցառման մասնակիցներին շնորհակալական խոսք ասացին ՇՊՀ ՆԶՊ ամբիոնի պետի տեղակալ, փոխգնդապետ Մ. Տիտանյանը, ուսումնարանի զինղեկ Կ. Գրիգորյանը,
Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը:
Բանակի տոնին նվիրված, օրեր առաջ, գրադարանի սպասարկման բաժնում, ապա նաև՝ « Վերնահարկ» սրահում, բացվել էին գրադարանի հավաքածուներում առկա, Հայոց բանակի կազմավորման, արցախյան բոլոր պատերազմների հերոսների մասին պատմող գրքային-լուսանկարչական ցուցահանդեսներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով