Դոստոևսկի-200

Կյանքը դա պարգև է , կյանքը դա երջանկություն է

ՇՄԳ-ում օրը նվիրված էր ռուս հանճարեղ գրող Ֆ. Մ. Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին: Կազմվել էր օրվա հետաքրքիր ծրագիր Գյումրիում «Ռուսական տան» հետ համատեղ:
«Վերնահարկ սրահում» «Ռուսական տուն»-ը բացել էր Դոստոևսկու ստեղծագործությունների թեմաներով լուսանկարների ցուցադրություն: ՈՒնկնդիրները Գյումրու թ.2 դպրոցի աշակերտներն ու ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչներն էին:
ՇՄԳ տնօրեն Գ.Ամիրյանի բացման խոսքից հետո ցուցադրվեց Դոստոևսկու կյանքի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ, որը պատրաստվել էր մարզային գրադարանի և «Ռուսական տան» աշխատակիցների ջանքերով: Տեսանյութում գրողի կյանքի առանձին դրվագների վերլուծությունն էր, որը հաստատումն էր հեղինակի ինքնագնահատականի . «Մարդը գաղտնիք է:Այդ գաղտնիքը պետք է բացահայտել, և եթե քո ամբողջ կյանքի ընքացքում բացահայտես այն, մի ասա, թե զուր ժամանակ ես վատնել: Ես զբաղվում եմ այդ գաղտնիքով, քանզի ցանկանում եմ մարդ լինել»: Անչափ հետաքրքրական տեսանյութը «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերնյաևն առաջարկեց նաև դպրոցներինտեղերում դիտելու համար: Այնուհետ թ. 2 դպրոցի 9-10-11-րդ դասարանցիները ներկայացրեցին թատերականացված հատված Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից Ռասկոլնիկովի դատավարությունը (դասատու` Կ.Թևոսյան): Հատվածը հաջողված էր այնքանով, որ միջոցառումից հետո ներկա գտնվող այլ դպրոցների ուսուցիչները ցանկություն հայտնեցին , որպեսզի նույնը կրկնեն իրենց դպրոցներում:
Օրվա երկրորդ մասը սեմինար էր Գյումրու դպրոցների ռուսերենի ուսուցիչների համար: Սեմինարը վարելու էր հրավիրվել ՇՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Սոնա Մովսիսյանը, մասնակցում էին թ.թ.1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 23-րդ դպրոցների ուսուցիչներ: Սեմինարն անցկացվեց գրադարանի ընթերցասրահում, ուր գրադարանավարները բացել էին Դոստոևսկու կյանքին ու գործունեությանը նվիրված հրատարակությունների, ինչպես նաև նրա երկերի հարուստ ցուցադրություն և լուսանկարչական-տեղեկատվական ստենդ:
«Ինձ հոգեբան են անվանում: Դա ճիշտ չէ: Ես ընդամենը ռեալիստ եմ բառի բարձրագույն իմաստով, այսինքն պատկերում եմ մարդկության հոգու ամբողջ խորությունը» ,- իր մասին այսպես է ասել Դոստոևսկին: Բանախոսը ևս անդրադարձավ գրողի փորձություններով լի կյանքի որոշ դրվագների, բարոյական, սոցիալական, քաղաքական որոշ խնդիրների, որոնք ալեկոծել են հեղինակի հոգին և ծնունդ տվել «Ոճիր և պատիժ», «Կարամազով եղբայրներ», «Ապուշը», «Չարքերը» բարձրարժեք երկերի:
Սեմինարն ավարտվեց օրվա տպավորությունների և հետագա անելիքների մասին մտքերի փոխանակություններով: Օրը հաջողված էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով