Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Հանդիպում դրամատուրգ և թարգմանիչ Դավիթ Խաչիյանի հետ

Շիրակի մարզային գրադարանի Արվեստի բաժնում տեղի ունեցավ գրական հանդիպում արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Դավիթ Խաչիյանի հետ:
Հանդիպմանը ներկա էր հայ բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Հանդիսանալով նաև հյուրի գրքերի խմբագիր` նա նշեց, որ այսօր գրական դաշտը հարստացել է, մնում է միայն իրազեկման և ճանաչման հարցը, այդ թվում՝ նման հանդիպումների ձևաչափով։ «Դավիթ Խաչիյանի գրքերին ծանոթանալով կհասկանաք, որ իսկապես արժե, որ մեր ընթերցողը ծանոթանա դրանց, և արժե, որ նրան թարգմանեն, որպեսզի աշխարհը ճանաչի հեղինակի ներկայացրած հայ իրականության այս տեսակը», – հավելեց նա։
Դավիթ Խաչիյանը կոչումով գրող է, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս, աշխատում է տուրիզմի ոլորտում։ Ստեղծագործում է երկու ուղղությամբ՝ արձակ և դրամատուրգիա։ Նրա «Տար ինձ դեպի աստղերը» գործը բեմադրվել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հեղինակի ստեղծագործական ուղուն և գրական գործունեությանը։
Հյուրը նաև ներկայացրեց հատվածներ իր դրամատուրգիական ստեղծագործություններից և պիեսներից։
Անմիջական ու մտերմիկ զրույցի մթնոլորտում անցկացված հանդիպմանը ներկա էին գրականության սիրահարներն ու հետաքրքրվողները:
Հանդիպման ավարտին գրողը գրադարանին նվիրեց իր գրքերից, որոնց ընթերցողը կարող է ծանոթանալ գրադարանի սպասարկման բաժնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով