Շաբաթ, 11 Հուլիսի, 2026
Միջոցառումներ

Հայոց այբուբենը՝ մանրանկարչության շնչով

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Հայոց այբուբենը՝ մանրանկարչության շնչով» խորագրով մշակութային ծրագիրը՝ մասնակցությամբ «Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ի ստեղծագործական լրագրության և մանրանկարչության խմբակների սաների և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների։
Միջոցառման ընթացքում «Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ը ներկայացրեց իր սաների ստեղծագործական աշխատանքները և հեղինակային բանաստեղծությունները՝ նվիրված հայոց գրերին։
Ներկայացված գործերում ներդաշնակորեն միահյուսվել էին ազգային խորհրդանիշներն ու գեղարվեստական մտածողությունը։ Միջնադարյան թռչնատառերի և կենդանատառերի տեսքով տրվեց հայոց այբուբենի մեկնաբանությունը՝ բացահայտելով հայոց այբուբենի գեղեցկությունն ու խորիմաստությունը։
«Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ի սաները Սուրբ գրքի հետ միասին մարզային գրադարանի նվիրեցին իրենց պատրաստած խորհրդանշական էջանշաններ՝ թռչնատառերով և բացատրական բովանդակությամբ։
Փոխադարձաբար գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը «Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ի գրադարանին նվիրեց Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գեղարվեստական ստեղծագործությունը։
Ի նշան փոխադարձ արդյունավետ համագործակցության, «Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ը Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանին հանձնեց շնորհակալագիր։
Նրբագեղ գույները, մանրանկարային ձևերը և ազգային արվեստի շունչը ՝ գրադարանը վերածեցին մշակութային երկխոսության և ստեղծագործական ներշնչանքի հարթակի՝ մեկ անգամ ընդգծելով գրքի, գրի և ազգային մշակույթի պահպանման ու արժևորման կարևորությունը, ինչը շեշտվեց նաև ներկաների կարծիքներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով