Հրեշտակի լարը
Կինոյի արվեստն ու էքստրեմալ սպորտը Շիրակի մարզային գրադարանում
«Ամեն քայլի հետ մենք էլ քայլեցինք, մենք էլ հուզվեցինք ու լարվեցինք, կարծես մենք էինք քայլում լարի վրայով», — նշեց գրադարանի տնօրենի տեղակալ Նազմինե Բաղդասարյանը «Հրեշտակի լարը» / La ligne de l’ange ֆիլմի դիտումից հետո, որը տեղի ունեցավ Շիրակի մարզային գրադարանում` Օտարալեզու գրականության բաժնի ֆրանսիացի ակտիվ ընթերցող Ալբան Կեղիսիի աջակցությամբ, ով Գյումրիում կատարում է կամավորական աշխատանքներ:
Ֆիլմը պատմում էր ոչ միայն աշխարհի, թերևս ամենափորձառու սլեքլայներ Նաթան Պաուլինի ֆիզիկական հմտությունների մասին, այլև նրա կյանքի փիլիսոփայության՝ հավասարակշռության ու համառության մասին։ Վերջինիս կիրքը, որը վերածվել է մասնագիտության, նրան դրդում է քայլել 2 սմ լայնությամբ ժապավենի վրայով՝ միշտ փնտրելով նոր մարտահրավերներ։
Ֆիլմի դիտումը համախմբել էր տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց՝ ֆիլմասերներ և սլեքլայնինգով հետաքրքրված երիտասարդներ։ Գրադարանում ստեղծվել էր մի միջավայր, որտեղ համադրվել էին կինոյի արվեստն ու էքստրեմալ սպորտի ոգեշնչող աշխարհը:
Դիտումից հետո ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով:
