Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված սեմինար-քննարկում
Շիրակի մարզային գրադարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված սեմինար-քննարկում: Գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանն իր բացման խոսքում ողջունելով մասնակիցներին՝ անդրադարձավ 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված այդ մեծագույն ողբերգությանը, որն աշխարհի առաջադեմ մարդկության կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն:
Հրավիրված բանախոսներն էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Կազարյանը և ֆոնդապահ Հեղինե Հովհաննիսյանը:
«Որբացած սերունդների ապաստարանը. Գյումրին և Հայոց ցեղասպանությունը» և «Ռուբեն Հերյան. Հայ որբերի հայրիկը» թեմաներով սեմինարին մասնակցեցին Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներ /դասախոս Դ. Համբոյան/ և Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները /փոխտնօրեն Ն. Գևորգյան/: Սեմինարն ընթացավ դիտակտիվ, շատ հետաքրքիր: Փաստավավերագրական նյութերի ցուցադրումով ներկայացվեց 20- րդ դարի մեծագույն ոճիրներից մեկի պատմությունը, դրա իրականացման պատճառները, նպատակներն ու հետևանքները:
Հեղինե. Հովհաննիսյանը «Ռուբեն Հերյան. Հայ որբերի հայրիկը» խորագրով զեկույցում ներկայացրեց ցեղասպանությունից հետո հայ որբերին բաժին ընկած դաժան ու փորձություններով լեցուն ճակատագրի մասին, և թե ինչպես է մեծագույն հայրենասեր Ռուբեն Հերյանը փրկել ու օգնել հազարավոր որբերի:
Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանով, հայ ժողովրդի առջև ծառացած ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների քննարկումով: Եվս մեկ անգամ կարևորելով պատմական արդարության վերականգնումը՝ երիտասարդների մեջ սերմանվեց հայրենասիրություն և պատասխանատվություն սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ:
