Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

Եվս մեկ միջոցառում՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծին

Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի համագործակցության շրջանակներում, գրադարանի «Վերնահարկ» սրահում, անցկացվեց ևս մեկ միջոցառում՝ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Միջոցառման մասնակիցները Ընտանիք ՄՊՍ կենտրոնի 8-17 տարեկան պատանի ստեղծագործող սաներն էին / ղեկավարգեղանկարիչ, մանրանկարչության խմբավար Վարդևան Շամամյան, գեղարվեստական մասի ղեկավարԷլիզա Ֆրանգուլյան /:
Արվեստի բաժինը վերածվել էր գողտրիկ պատկերասրահի, որտեղ ցուցադրված էր թումանյանական գրականության հերոսներով և բնության գեղեցիկ տեսարաններով գունազարդված 30 աշխատանք: Սաների շուրթերից հնչեցին հանրահայտ մարդկանց արտահայտած կարծիքը Մեծ Լոռեցու մասին: Միջոցառում-ցուցահանդեսին մասնակցում էին նաև ՀՀ գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամներ Շնորհիկ Շահինյանը և Ռուբեն Եսայանը, ովքեր իրենց շնորհակալության և երախտիքի խոսքը հայտնեցին թե´ մասնակիցներին և թե´ կազմակերպիչներին:
Գրադարանում նմանատիպ ձևաչափով անցկացվող միջոցառման նպատակն էր՝ մոտեցնել երեխաներին թումանյանական հանճարեղ գրականությանը, հասկանալ ժամանակակից գյումրեցի գրողների կարծիքը ստեղծագործական այս յուրօրինակ մոտեցման վերաբերյալ, ծանոթանալ գրքարվեստի ձևավորման աշխատանքների նրբություններին :
Տնօրենի ժ/պ Սեդա Գևորգյանի շնորհակալական խոսքի ավարտին ՝ Ընտանիք կենտրոնի սաները գրադարանին նվիրեցին Հովհաննես Թումանյանի ձեռակերտ դիմանկարը:
Շիրակի մարզային գրադարանի և ՀՀ ԿԳՄՍՆ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և գրադարանը դարձնել հարթակ նմանատիպ հանդիպումներ անցկացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով