Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Վերնատունը Վերնահարկում

Գրադարանի «վերնահարկ» սրահում Գիրք նվիրելու և Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը միասին տոնելու էին եկել «Վերնատան անդամներ»՝ «Գյումրու N 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 9-րդ ,,Ա,, դասարանի աշակերտները /դասղեկ, գրականության մասնագետ Ա. Սարգսյան/ դպրոցի տնօրեն Հ. Հովհաննիսյանի և ուսումնական գծով տնօրենի տեղակալ Թ. Հարությունյանի ուղեկցությամբ:
«Վերնատուն» հայ գրական ակումբ-խմբավորումը, որը հիմնել է Հովհաննես Թումանյանը, գործել է 1899 թվականից մինչև 1908 թվականները, իր շուրջը համախմբելով ազգի լուսավոր մտավորականներին, ովքեր նրա տունն անվանել են «վանք, տոնախմբություն», շարունակական, հարատև տեսակցությունների վայր:
«Վերնատան անդամները»՝ միջոցառման մասնակիցների հետ հաղորդակցվեցին իրենց մտորումներով, գրական խոհերով, ապրումներով , հարազատ ժողովրդին ուղղված խորհուրդ-խրատներով: Հայ մեծերիՀովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի բեմական կերպարները այնքան վարպետությամբ և հմտորեն էին ներկայացված, որ միայն հիանալ կարելի էր: Օրվա խորհրդին համահունչ միջացառման ավարտին կատարվեց գրքերի նվիրատվություն: Միմյանց գրքեր նվիրեցին «Գյումրու N 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ.Հովհաննիսյանն ու մարզային գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը; Միջոցառումն ամփոփվեց իմաստուն վերջաբանով` կյանքի բոլոր մարտահրավերներին կհաղթի նորին մեծություն ԳԻՐՔԸ, քանի որ գիրքն է տալիս հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, գիրքն է տալիս հույզեր ու գիտելիքներ, միտք ու հոգի, սերմանում սեր դեպի ծնողն ու հայրենիքը, մարդն ու ընկերը, կատարյալն ու գեղեցիկը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով