Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հայ գիրքը` պատմության քառուղիներում

«Հայ գիրքըպատմության քառուղիներում» խորագրով կլոր-սեղան քննարկում տեղի ունեցավ Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում: Քննարկման մասնակիցներն էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհրդի տասնմեկ ուսանողներ, որոնք գրադարանում հյուրընկալվել էին իրենց հայոց լեզվի և գրականության դասախոս Քնարիկ Գրիգորյանի և ուսումնարանի գրադարանավար Սեդա Հակոբյանի ուղեկցությամբ: «Գիրքը լույս է, իմաստություն, ավանդություն, հիշողություն: Այն մի հզոր ուժ է, որ պարփակում է իր մեջ մարդկային հազարամյա իմացությունը»: Ահա այս նախաբանով սկսվեց և ավարտվեց մի շատ ուսուցողական և բովանդակալից քննարկում, որը դասախոս Ք. Գրիգորյանի անմիջական միջամտությամբ և նախաձեռնությամբ անցավ ինտերակտիվ զրույցի և երկխոսության հետաքրքիր մթնոլորտում:
Ուսանողները հանգամանալից ներկայացրեցին հայ գրքարվեստի պատմությունը, գիրքն ու գիրը իրենց ազգափրկիչ առաքելությամբ ապագա սերունդներին պահ տալու պատմական փաստերը, գիտական ձեռքբերումները, գրական գեղարվեստական պատկերացումները: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը հայտնելով իր գոհունակությունը մասնակիցներինկարևորեց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, գրքի պահպանության և սերունդներին փոխանցելու անառարկելի անհրաժեշտությունը: Ուսանողները գրադարանին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած զարդանախշերով և փորագրություններով գեղեցիկ փայտյա հուշանվեր: Միջոցառումն ավարտվեց հայ գիրքը պատմության քառուղիներում խորագիրը կրող տեսաֆիլմի դիտումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով