Հեքիաթին հյուր
Մանկապատանեկան գրքի անդերսենյան շաբաթի մեկնարկը Շիրակի մարզային գրադարանում տրվեց մանկապատանեկան բաժնի կազմակերպած «Հեքիաթին հյուր» միջոցառումով:
Այն վարելու հրավիրվել էր բանասեր, բանախոս, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս, բ.գ.թ. Մարիամ Սավդալյանը:
Հեքիաթների շուրջ տիկ.Սավդալյանի զրույցի մասնակիցները Գյումրիի Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանի 4-րդ Գ և Դ դասարանցիներն էին դասվարների ուղեկցությամբ:
Միջոցառումը միանգամից իր հոսանքի մեջ առավ հատակին, փափուկ օթոցների վրա նստած երեխաներին, ովքեր իրար հերթ չտալով արձագանքում էին հարցադրումներին: Եվ…նախ պարզվեց, որ հեքիաթներ բոլորից շատ գիտեն տատիկներն ու պապիկները, նաևմայրիկներն ու հայրիկները: Երեխաները գիտեին նաև հեքիաթագիրների
թե հայ, թե այլազգի, ծանոթ էին նրանց գրած հեքիաթներին: Պարզվեց նաև, որ հեքիաթները հորինել է ժողովուրդըտարբեր ժամանակներում, տարբեր վայրերում, տարբեր լեզուներով, անգամ
տարբեր բարբառներով, սկզբումբանավոր, այնուհետ հեքիաթագիրների շնորհիվ: Փոքրիկները գիտեին նաև, որ հեքիաթները սկսվում են «...լինում է, չի լինում..., կար-չկար...., ժուկով-ժամանակով...», անգամ
«հորս ծնունդով, մորս կնունքով» բառերով, ավարտվում ասողի, լսողի ու ականջ դնողի համար երկնքից ընկնող երեք խնձորներով….:
Բայց ահա «Թագավորի նոր հագուստը» հեքիաթը սկսվում է այլ կերպ. տեսաֆիլմը դիտելուց հետո շատ հետաքրքիր էր երեխաների մեկնաբանությունները լսելը:Նրանք անսխալ բնութագրեցին և խաբեբա ջուլհակներին, և ստախոս պալատականներին, և հիմար, պարծենկոտ ու ինքնահավան թագավորին, ով իր մասին ճշմարտությունն իմացավ պարզ, անկեղծ երեխայից: Երեխաները նկատեցին նաև, որ ոչ միայն երկնքից երեք խնձոր չընկավ, այլև չարը չպատժվեց:
Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը երեխաները պատմեցին տեսանյութի հետ զուգահեռ: Այնուհետ տիկ.Սավդալյանը մեկնաբանեց հեքիաթում օգտագործված որոշ բառեր ու արտահայտություններ: Այս հեքիաթը ևս երեխաները մեկնաբանեցինպարզ, անկեղծ, հետաքրքիր ձևակերպումներով: Այնուհետ երեխաներին առաջարկվեց ներկել հեքիաթների հերոսների նկարները և հորինել փոքրիկ հեքիաթներ: Մինչ երեխաները զբաղված էին նկարներով, Գրողների միության Շիրակի բաժանմունքի անդամ արձակագիր Ա. Մխիթարյանը երեխաների ուղեկիցների համար ներկայացրեց իր գրած «Իրական հեքիաթ» գրքի իմաստաբանական, բարոյախոսական իմաստը. ընտանիքների ամրություն, ծնողների նկատմամբ հարգանքի դրսևորում , ավանդների պահպանում...: Հանդիպմանը մասնակցելու հրավիրվել էին նաև Գյումրիի Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանի 6-րդ, թ. 8 դպրոցի 8-րդ, թ. 25 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները
մանկավարժների ուղեկցությամբ, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և ՇՊՀ-ի ուսանողներ, որոնց համար ևս ինտերակտիվ ծրագիր էր նախատեսնվել: Սակայն ծրագրի այս մասը հարկադրված հետաձգվեց նախորդի անսպասելի ակտիվ ընթացքի ու երկարատևության պատճառով, ինչը նախանշեց կազմակերպվելիք մեկ այլ հանդիպման անհրաժեշտություն:
Միջոցառումն առավել քան հաջողված էր, ուսուցողական, ինչը ստիպեց գրեթե ամբողջությամբ մեկնաբանել այն: Եվ դա հրավիրյալ փորձառու, գիտակ ու երեխաների հետ հաղորդակցման հմտություններ ունեցող մանկավարժի շնորհիվ, ում ասում ենք խորին Շնորհակալություն: