Համո Սահյան (տեսանյութ)
Հմայակ Սահակի Գրիգորյան ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սյունյաց աշխարհի Լոր գյուղում: Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «Սահ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։
Գրական գործունեություն
Առաջին շրջան
Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965): Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».
Երկրորդ շրջան
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը:
#Մնատանըգիրքկարդա #ԳրադարանըՔոՏանը
«Իսկ ինձ ասում են` թե խելոք մնա»
Կարդում է՝ Հարություն Ֆոդուլյանը