Շիրակի կենսաբազմազանությունը և դրա պահպանությունը
Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում, Շիրակի մարզային գրադարանում՝ ՀՀ «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Շիրակի կենսաբազմազանությունը և դրա պահպանությունը» թեմայով կրթական սեմինար-հանդիպում։
Սեմինարը վարեց «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զբոսաշրջության և հասարակայնության հետ կապերի մասնագետ Հրանտ Ոսկանյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտները՝ աշխարհագրության ուսուցչուհի Ֆ. Դանիելյանի ուղեկցությամբ։
«Մեզ համար անչափ կարևոր է ճանաչել և պահպանել այն բնությունը, որտեղ ապրում ենք»,- հանդիպման սկզբում նշեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը՝ ընդգծելով բնապահպանական կրթության և բնության պահպանության կարևորությունը։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին «Արփի լիճ» ազգային պարկի գործունեությունը, տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց դեղին կոկոռին, որը հանդիպում է միայն «Արփի լիճ» ազգային պարկում և մեր տարածաշրջանի բնաշխարհի յուրահատուկ գեղեցկուհիներից է։ Հարցուպատասխանի և քննարկման միջոցով աշակերտները հնարավորություն ունեցան առավել մանրամասն ճանաչելու Շիրակի մարզի բնական հարստությունները, բացահայտելու կենսաբազմազանության պահպանության կարևորությունը:
Բնության ճանաչողությունից է սկսվում նրա պահպանությունը։ Երիտասարդ սերնդի բնապահպանական իրազեկվածության բարձրացումը կարևոր քայլ է բնական հարստությունների պահպանման և ապագա սերունդներին փոխանցման գործում։
