Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
Առաջարկում ենք կարդալ

Էլիֆ Շաֆաք՝ Եվայի երեք դուստրերը

Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ: Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է:

Հատված գրքից
ՀՐԵՇՏԱԿ ՕՔՍՖՈՐԴ, 2000

Հատված գրքից

ՀՐԵՇՏԱԿ ՕՔՍՖՈՐԴ, 2000 ​
Օքսֆորդ գալուց ի վեր Փերին հաճախ էր հեռախոսով խոսում: Փորձում էր այնպիսի ժամերի զանգահարել, որ կարողանար հոր հետ հանգիստ խոսել: Իսկ այդ օրը մայրը պատասխանեց:
 – Փերի՛…– կարոտով ասաց Սելման, բայց ձայնն արագ փոխվեց:
– Եղբորդ հարսանիքին գալու ես, չէ՞:
 – Այո՛, մայրի՛կ, խոստացել եմ:
– Մեր հարսիկը հրեշտակ է, այնքան լավն է, որ… Սելման իրեն լրիվ նվիրել էր հարսանեկան պատրաստությունների ոգևորությանը: Փերիի ուշադրությունից չվրիպեց, որ չափից շատ է գովում հարսին: Փերիի համար մոր խոսքերը փայլուն թղթերում փաթաթած կոնֆետների նման էին: Բայց կոնֆետների միջի տհաճ համի մասին չգիտեին: Չափազանցված գովասանքների ներքո Փերիին ուղղված քննադատություններ կային: Հա՛րս, քեզ եմ ասում, աղջի՛կս, դո՛ւ լսիր: Ի տարբերություն Փերիի՝ կատարյալ աղջիկ էր՝ հավատացյալ, պահպանողական, մեղմ, հնազանդ:
 – Վայ, ինչ լավ է, մեր ընտանիքում էլ հրեշտակ չկար,– մրթմրթաց Փերին:
 – Քեզ ինչ է եղել, ա՛յ աղջիկ,– հարցրեց Սելման:
 – Ոչինչ:
Սելման, խոր հոգոց հանելով, ասաց.
 – Հեննայի գիշերը պետք է այստեղ լինես:
 – Մայրի՛կ, դրա մասին խոսել ենք: Միայն հարսանիքին կկարողանամ գալ:
– Այդպես չի լինի: Մարդիկ ի՞նչ կասեն: Պետք է ավելի շուտ գաս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով