IFLA-ի աջակցությամբ կազմակերպած գրադարանավարներ քառօրյա դասընթաց
«Միջազգային փորձի դիտարկումը, փոխառումն ու կիրառումը շատ կարևոր են գրադարանների արդյունավետ աշխատանքի, գիրք-գրադարան-ընթերցող ամուր կապն ավելի ամրապնդելու համար: Նորարարական մեթոդներն ու լավագույն փորձերը, որոնց ծանոթացանք, իրենց մեջ ներառում էին նաև տեղեկություններ ընթերցանության կազմակերպման ու խթանման,գրադարանավարի ընթերցանության միջնորդի դերի և անհրաժեշտ հմտությունների բացահայտման վերաբերյալ», — Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցած «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով դասընթացից ստացած իր տպավորություններով կիսվեց Շիրակի մարզային գրադարանի Օտարալեզու գրականության բաժնի գլխավոր գրադարանավարուհի Տաթևիկ Կաժոյանը:
«Դասընթացի նպատակն էր գրադարանային տարածքների փոխակերպումը, գրադարանները գրքերի պահոցներից համայնքային ակտիվ կենտրոնների վերածումը: Դասընթացի շրջանակներում շատ էր շեշտվում, որ ժամանակակից գրադարանը գրապահոց չէ, այլ` ոգեշնչումների, կրթական, ստեղծարարության, քննարկումների ու բազմակողմանի ծառայությունների մատուցման վայր», — հավելեց Շիրակի մարզային գրադարանի Արվեստի բաժնի գլխավոր գրադարանավարուհի Մարիամ Արծրունյանը:
Սեպտեմբերի 16-ից-19- ին Հայկական գրադարանային ասոցիացիայի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ կազմակերպած գրադարանավարների քառօրյա դասընթացին մասնակցել են 100 գրադարանավարներ Երեւանից եւ մարզերից, այդ թվում նաև Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցներ Տաթևիկ Կաժոյանն ու Մարիամ Արծրունյանը, իսկ դասընթացը վարել են ոլորտի փորձառու մասնագետներ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն Պորտուգալիայից և դոկտոր Հաննա Ֆոգտը Գերմանիայից։
Դասընթացի շրջանակներում շեշտվել է կրթության և շարունակական մասնագիտական զարգացման կարևորության դերը, ընդգծվել գրադարանների՝ համայնքային կարևոր կենտրոններ դառնալու անհրաժեշտությունը:
Դասընթացի անցկացման նպատակն էր՝ զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Դասընթացը ևս մեկ անգամ ամրապնդել է գրադարանային ոլորտի ներկայացուցիչների գիտելիքները, նպաստել միջազգային համագործակցության խթանմանն ու զարգացմանը, հասանելի դարձրել միջազգային փորձն ու նորարարական ծրագրերը:
Դասընթացը գրադարանավարներին տվել է կարևոր և օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն գրադարանների վերափոխմանը:
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներն ստացել են վկայականներ:
Քառօրյա հագեցած և արդյունավետ աշխատանքային օրերի շրջանակում, հայկական կողմը արտերկրյա գործընկերներին ծանոթացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությանը։
