Երեքշաբթի, 25 Հունիսի, 2024
Միջոցառումներ

Վիգէն Հովսէփեան «Աստղերու հաւատքով»

Ապրիլի 30- ին Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Վիգէն Հովսէփեանի հետ։ Հանդիպման առանցքը հեղինակի նոր լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր։ Հանդիպմանը գրողի հետ գրադարան էին եկել Երևանից գրող, լրագրող, հեռուստամեկնաբան Սագո Արեանը, Սիվիլնէթի տնօրեն, գլխավոր խմբագիր Աբօ Պողիկեանը, Լոս Անջելեսի «Հորիզոն» հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, լրագրող Վրույր Թադևոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչներ / բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, գրողներ Գագիկ Սարոյանը, Ռոբերտ Եսայանը/, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի, թատերական ինստիտուտի դասախոս, դերասանուհի Հասմիկ Սուվարյանը, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներ, մանկավարժներ, Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներ, գրադարանի աշխատակիցներ, գրքասերներ։ Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը ներկայացնելով հյուրերին՝ որպես նախաբան նշեց, որ ԱՄՆ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական կյանքի մեջ կարևոր հեղինակություն ունեցող գործիչ, Դոկտոր ՎԻԳԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ «Աստղերու հաւատքով» բանաստեղծությունների ժողովածուի մեջ զգացվում է արևմտահայ բանաստեղծության ոգին, որն այսօր նոր շունչ է ստանում արևմտահայերենով ստեղծագործողների շնորհիվ: Գրքի մեջ ընթերցողը կգտնի սիրո, կարոտի, բաժանման, հիասթափության և ի վերջո՝ անկեղծ ապրելու, նվիրվելու վեհ ու մարդկային զգացմունքներ:
Հանդիպման ընթացքում Վիգէն Հովսէփեանը ներկայացրեց իր ստեղծագործական ուղին, մեկնաբանեց իր մի շարք բանաստեղծություններ, բացատրեց դրանց իմաստը, գրելու շարժառիթներն ու հանգամանքները։ Հաճույքով պատասխանեց ներկաների հարցերին, ընթացքում անձամբ ընթերցելով իր գրած բանաստեղծություններից։
Հարց ու պատասխանի միջոցով հանդիպման մասնակիցները հաղորդակից դարձան գրողի ներքին որոնումներին ու դրանց մղող զգացմունքներին։ Դերասանուհի Հասմիկ Սուվարյանը, թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները կարդացին գրողի բանաստեղծություններից մի քանիսը։ Ընթացքում հեռուստաէկրանին ցուցադրված տեսահոլովակով հեղինակը ներկայացավ իր բանաստեղծությունների ընթերցմամբ: Հանդիպման ավարտին հեղինակը ներկաներին նվիրեց իր մակագրությամբ «Աստղերու հաւատքով» ժողովածուից ՝ թողնելով նրանց մոտ իր զգացմունքների ու մտորումների խոր կնիքը։
Ամփոփելով ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացող Դոկտոր Վիգէն Հովսէփեանի հետ հանդիպումը՝ գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը, հայտնեց մասնակիցներին իր շնորհակալությունը՝ կարևորելով արևմտահայերենը պահելու, փայփայելու և խոսելու այսօրվա հրամայականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով