Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

«Դարակեսի հիմնը» Պարույր Սևակ

…Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար…

Հայ իրականության մեջ դժվար թե գտնվի մեկը, ով չկարողանա գրելու ոճից, ընտրված մակդիրներից, խոսքի իրականությունից ու օգտագործված բառերից ճանաչել Պարույր Սևակին: Սևակի մեծությունն անծայրածիր էր: Իզուր չէ որ նրան Վ.Դավթյանը բնորոշել է այս կերպ. «Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան «Անլռելի զանգակատան» արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը…»:

Շիրակի մարզային գրադարանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 2-րդ կուրսի (կուրսղեկ` Տ.Գաբոյան) ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված Պարույր Սևակի հիշատակի օրվան: Սևակի բանաստեղծությունները ներկայացվեցին նոր ձևաչափով ու նոր մոտեցմամբ: Սա հանդիպում էր ,որը հնարավորություն տվեց ներկաներին ունկնդրելու մեծն Սևակին և միևնույն ժամանակ այն զուգահեռելու մեր այսօրվա մարտահրավերներին: Գյումրու Վ.Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասանուհի Հասմիկ Սուվարյանը, ով և հանդիպման հեղինակն էր ու նաև սցենարի հեղինակը, կարողացել էր ուսանողների մեջ ներդնել սևակյան շունչն ու ոգին: Ուսանողների բոցավառ ու բոցաշունչ արտասանությունը ներկաներին տարել էր սևակյան տարիներ: Սևակի, որպես մեծության մահը՝ մեծ կորուստ է հայ ժողովրդի համար և դեռ տարիներ անց հիշվում և հիշվելու է հայ մեծ բանաստեղծն ու իր թողած ժառանգությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով