Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր
Գրադարանն այլևս միայն գրքերի դարան չէ, այն արդեն վայր է, որտեղ կարելի է ստեղծել, ստեղծագործել, աշխատել, կրթել, կրթվել ու նույնիսկ վերամշակել: Հավատարիմ մնալով «Լավագույն Նորարար գրադարան» կոչմանըՇիրակի մարզային գրադարանը կազմակերպում և իրականացնում է այնպիսի միջոցառումներ, որը հնարավորություն է տալիս կատարելու վերը թվարկվածները: Գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժինը անցկացրեց իր տեսակով և ձևաչափով հետաքրքիր և ուսուցանող միջոցառում, որը նվիրված էր Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան: Միջոցառումն անցկացրեցին Գյումրու թիվ 23 դպրոցի «Էկո Ակումբ»-ի անդամները
ղեկավարությամբ ուսուցչուհի Ա. Գևորգյանի: Անդամները խոսեցին մթնոլորտ արտանետվող գազերի մասին, որոնք աղտոտում են Երկրի մթնոլորտը: Առաջարկվեցին տարբերակներ աղտոտումը փոքրիշատե նվազեցնելու համար: Հստակորեն կարևորվեց, որ երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ: Էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը, գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի, աշխարհայացքի ձևավորումը սկսվում է դեռ փոքր տարիքից: Տանը կամ աշխատավայրում հաճախ ուշադրություն չի դարձվում, թե ինչ է նետվում աղբամանը, պարզապես, առաջնորդվելով այն սկզբունքով, որ տվյալ իրը այլևս հարկավոր չէ, չմտածելով աղբը տեսակավորելու և վերամշակելու մասին։ Ճիշտ է, աղբը տեսակավորելու և վերամշակելու հնարավորությունները մեզանում դեռ լիարժեք տարածված չեն, բայց կարող ենք ինքներս մեզ համար ստեղծել պայմաններ։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ աղբը տեսակավորելով և վերամշակելով կանխել շրջակա միջավայրի աղտոտումը։ «Էկո Ակումբ»-ի անդամները մասնակիցներին (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի ծնողների, Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս.Ղանդիլյանի ընկերակցությամբ) ցույց տվեցին թե ինչպես է կատարվում թղթի վերամշակումը և էկո գրիչների պատրաստումը: Իսկ վերջում իրենց սեփական ուժերով վերամշակեցին թղթի թափոնը, պատրաստեցին էկո գրիչներ,էկո նոթատետրեր: Նմանատիպ միջոցառումները օգնում են զարգացնել հմտություններ բնագիտությունից, էկոլոգիայից, բնապահպանությունից` ձևավորելով ունկնդիրների դիտարկելու, ստեղծագործելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, գիտական լեզվամտածողությունը, եզրակացություն անելու կարողությունը: