Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Չարենցը և Գյումրին

Մեր գրադարանի պատերը լսում ու շնչում էին Չարենց։ Չարենցյան տարվա շրջանակներում Շիրակի մարզային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ ուժերով կազմակերպվել էր «Չարենցը և Գյումրին» խորագիրը կրող գիտաժողով։ Գիտաժողովին մասնակիցները, գրադարանագետներ ու լեզվաբաններ, ոչ միայն Գյումրիից էին, այլև մայրաքաղաքից, տեսակապովնաև ԱՄՆ-ից: Միջոցառմանը ներկա էր ՇՄ մարզպետի տեղակալ Կ. Մանուկյանը։ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա.Հայրապետյանը,և Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը իրենց ողջույնի խոսքում կարևորեցին և ողջունեցին նմանատիպ միջոցառումների հենց գրադարանում անցկացնելը։ Գիտաժողովի հիմնական զեկուցողը և սպասված հյուրը չարենցագետ Դավիթ Գասպարյանն էր(ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), ով հետաքրքիր ու դեռևս քիչ հայտնի շատ իրողություններ պատմեց Չարենցի կյանքի ու ստեղծագործությունների մասին։ Ուշագրավ նորություններից մեկը Չարենցի մահվան հետ կապված վարկածների շուրջ էր, այն, որ Չարենցին բանտում չեն սպանել. հայ Պառնասի աստղ Չարենցի մահը բանտում կապված չէ սպանության հետ։ Հեռակապով ԱՄՆ-ից գիտաժողովին մասնակցող (ԱՄՆ-ի ՀԳՄ վարչության քարտուղար) արձակագիր Մարգարիտ Դերանցի զեկուցման թեման «Միստիկ Չարենց»-ն էր: Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակից Անուշ Թասալյանը խոսեց Չարենցի «Կապկազ թամաշա» ստեղծագործության մասին, գրաքննադատ Կարինե Մարտիրոսյանը ( Հայաստանի ԳՊԱ Գյումրու մասնաճյուղ) «Նյութեր Չարենցի կազմած դասագրքերից» ժողովածուի մասին, ՀԳՄ Շիրակի բաժանմունքի քարտուղար Անդրանիկ Կարապետյանի խոսքը «Եղիշե Չարենց-Գարսիա Լորկա. անհատի անձնական և անանձնական ողբերգությունն ու դրաման» թեմայով էր: Ինքնատիպ էր բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի «Յուրաքանչյուրին`իր Չարենցը» մեկնաբանությունը (ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն ), նույն կենտրոնի աշխատակցուհի լեզվաբան Հասմիկ Մատիկյանը ներկայացրեց «Օրոր բառանվանման իմաստային դրսևորումները Ե.Չարենցի բանարվեստում» իր ուսումնասիրությունը, որը դրվատանքի արժանացավ Դ.Գասպարյանի կողմից : Գիտաժողովը նորովի բացահայտեց Չարենցի բանաստեղծին թե՛ որպես մարդ, թե՛ որպես ստեղծագործող։
Ավարտին Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցը ներկաներին տեղեկացրեց, որ շուտով ընթերցողի սեղանին կդրվի մարզային գրադարանի գրքային հավաքածուների և պարբերական մամուլի հրապարակումների հիման վրա Չարենցին նվիրված հանձնարարական մատենագիտական ցանկ:
Գիտաժողովը հաջողված նախաձռնություն էր ի նպաստ փոխհամագործակցությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով