Գրադարանավարի օր
Հոկտեմբերի 7
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Յուրաքանչյուր տարի, գրադարանավարի օրվա առթիվ՝ գրադարանային գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության գրադարանների մի շարք գրադարանավարներ պարգևատրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով, շնորհակալագրերով և ոսկե մեդալներով։
Այս տարի ՀՀ Ազգային գրադարանում պատվոգրերը, շնորհակալագրերը և ոսկե մեդալները գրադարանավարներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գևորգյանը գրադարանային ոլորտում նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության և գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ ոսկե մեդալով, մանկապատանեկան բաժնի վարիչ Սեդա Գևորգյանը՝ նախարարության պատվոգրով, ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից Տաթևիկ Ղուկասյանը՝ նախարարության շնորհակալագրով: Պարգևատրման արարողությանն անմիջապես հաջորդեց 2021թ. հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Նշենք, որ մրցույթն անցկացվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրել «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Մրցութային անվանակարգերն են. «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան», «Լավագույն մասնագիտական գրադարան», «Հատուկ մրցանակ»: «Լավագույն մարզային գրադարան» անվանակարգում հաղթող է Ճանաչվել Շիրրակի մարզային գրադարանը:
Հոկտեմբերի 8-ին գրադարանում հյուրընկալվեր էր Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը շնորհավորելու գրադարանավարի օրվա առթիվ։ Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին երկար տարիների նվիրված աշխատանքի համար․ «Ուրախ եմ, որ մինչ Ձեզ պատվոգրեր հանձնելը հասցրեցի շրջել գրադարանում, հաճելիորեն զարմացած եմ, անչափ գնահատելի է, որ 21-րդ դարում այսքան կարևորում եք Ձեր դժվար, բայց պատվաբեր աշխատանքը։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք նպաստում եք մեր երեխաների կրթության ամրապնդմանը»։
Հովհաննեոս Զոհրաբյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից գրադարանի մի շարք աշխատակիցների պատվոգրեր է հանձնել՝ գրադարանների զարգացման մեջ ունեցած ներդրման, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։
Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը իր անունից ևս պատրաստել էր աշխատակիցների համար պատվոգրեր և շնորհակալագրեր: Լավագույն ընթերցողներին տնօրենը նվիրեց գրքեր: