Հովիկ Հովեյան
Գրադարանի ընթերցարանում հավաքված ընթերցասերների ու գրչակից ընկերների հետ հանդիպման էր եկել մեր օրերի ամենահայտնի հեղինակներից մեկը` Հովիկ Հովեյանը:
Գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը սիրով ողջունեց բանաստեղծին, ով ի դեպ մայրական կողմից շիրակցի է, նշելով, որ նրա բանաստեղծական շնորհը թերևս ժառանգություն է բանաստեղծ հորից: Նա ներկաներին ներկայացրեց Հովեյանի հրատարակած 19 ժողովածուները, որոնցում ամփոփված ստեղծագործություններից շատերի հիման վրա գրվել են խմբերգեր, ջազային ստեղծագործություններ, նրա սցենարով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ: Հովեյանը հեղինակ է նաև բազմաթիվ հոդվածների, խոհագրությունների, ակնարկների, ռադիոհեռուստատեսային հաղորդումների: Իր բեղուն գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ պետական պարգևների: Հովեյանի ինքնատիպ, չկրկնվող, իրենց ասելիքով բարդ ու բազմաշերտ ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, պարսկերեն,ռուսերեն:
Ներկաների համար իր ստեղծագործություններից կարդաց հեղինակը` ցանկանալով լսել ընթերցողի անկեղծ կարծիք նրանց մասին, չթաքցնելով, որ գրում է բարդ, ուրույն, չկրկնվող ոճով, հումորով խորհուրդ տալիս` չկարդալ դրանք: Բանաստեղծի ստեղծագործությունների մասին կարծիքներ արտահայտեցին քանդակագործ Ա.Գևորգյանը, բանաստեղծ Ա. Կարապետյանը, բանաստեղծի վաղեմի ընկեր, հանրապետության ժողովրդական արտիստ Գ.Դաբաղյանը, ով կարդած դուդուկին նվիրված Հովեյանի բանաստեղծությունը և կատարեց սիրված մեղեդիներ:Ներկաները հաճույքով ունկնդրեցին Հովեյանի բանաստեղծության հիման վրա իր կնոջ`Վարդ Մանուկյանի գրած “Հայաստան աշխարհ” երգը Շուշան Պետրոսյանի կատարմամբ:
Հանդիպման ավարտին բանաստեղծը սիրով իր գրքերը մակագրեց ընթերցասերներին, նվիրատվություն կատարելով նաև Շիրակի մարզային գրադարանին: