Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Տարեցների միջազգային օր

Տարեցների միջազգային օրը՝ ջերմության, հարգանքի և հիշողությունների ուղեկցությամբ
Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր՝ ևս մեկ առիթ արժևորելու ավագ սերնդի անցած ճանապարհը, փորձն ու ներկայությունը մեր կյանքում։
Այս գեղեցիկ օրվա առիթով Շիրակի մարզային գրադարանի Այլ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման բաժինը «Տարիքը իմ ուժն է, ոչ թե սահմանը» խորագրով միջոցառում էր կազմակերպել «Կարիտաս Հայաստան» «Գյումրու տարեցների ցերեկային խնամքի կենտրոն»-ի անդամների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում բաժնի գրադարանավար Լ. Պետրոսյանը ներկայացրեց Տարեցների միջազգային օրվա ստեղծման պատմությունն ու խորհուրդը՝ ընդգծելով, որ տարեցների հանդեպ հոգատարությունն ու հարգանքը պետք է դրսևորվեն ոչ միայն այս օրը, այլև յուրաքանչյուր օր։
Օրվա գեղեցիկ շարունակությունն ապահովեցին օրվա հյուրերը իրենց բանաստեղծական և երաժշտական կատարումներով։ Երաժշտական համարով հանդես եկան քանոնահարուհի Հ. Ղազարյանը և նվագակցող Ա. Մադոյանը։
Միջոցառումն անցավ ջերմ, անմիջական և անկեղծ մթնոլորտում՝ լի ժպիտներով, երաժշտությամբ ու գեղեցիկ հուշերով։
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով քաջառողջություն և նշելով, որ գրադարանի դռները միշտ բաց են նրանց համար:
Օրվա խորհրդին համահունչ՝ գրադարանը փոքրիկ նվերներ էր պատրաստել իր սիրելի հյուրերի համար ի նշան ուշադրության, երախտագիտության և ջերմ վերաբերմունքի փոքրիկ դրսևորման։
Իսկ ամենակարևորն այն էր, որ հանդիպումն ավարտվեց ոչ թե հրաժեշտով, այլ նոր հանդիպումների սպասումով։
Տարեցների ջերմ ընդունելությունն ու անկեղծ արձագանքն այնքան ոգևորիչ էին, որ այս գեղեցիկ հանդիպումը ենթադրում է ակտիվ շարունակականություն։
Տարեցների հետ յուրաքանչյուր հանդիպում մեզ հիշեցնում է՝ տարիքը տարիների թիվ չէ, այլ ապրած կյանքի պատմություն, իմաստություն և սեր, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով