Հանդիպում երիտասարդ գրող և մանկագիր՝ Կարինա Վիվի Նաջարյանի հետ
Ընթերցանության տարվա շրջանակում Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ ջերմ ու հետաքրքիր հանդիպում երիտասարդ գրող Կարինա Վիվի Նաջարյանի հետ։
Հանդիպումը վարում էր մանկապատանեկան բաժնի գրադարանավար Ս.Պառավյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու թիվ 18, 24 և 25 դպրոցների աշակերտները, որոնց համար հանդիպումը դարձավ գրքի, գրողի և ընթերցանության աշխարհը նորովի բացահայտելու գեղեցիկ հնարավորություն։
Հեղինակը ներկաների հետ կիսվեց իր գրքերի ստեղծման պատմություններով, ստեղծագործական մտահղացումներով և այն ճանապարհով, որը տանում է գաղափարից դեպի գիրք։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Արկածասեր քառյակը» հատորյակը, որը նախատեսված է դպրոցական և կրտսեր տարիքի երեխաների համար։
Հարցուպատասխանի ձևաչափով անկեղծ զրույցը հնարավորություն տվեց ընթերցողներին անմիջականորեն շփվելու հեղինակի հետ, հետաքրքրող հարցերը տալու և նրան ու նրա ստեղծագործությունն ավելի մոտիկից ճանաչելու։
Հանդիպումն անցավ անմիջական և անկաշկանդ մթնոլորտում՝ լի հետաքրքրությամբ, հարցերով ու ժպիտներով։
Գրողի հետ յուրաքանչյուր հանդիպում ևս մեկ քայլ է դեպի գիրքը, իսկ յուրաքանչյուր բացված գիրք՝ նոր աշխարհ բացահայտելու հնարավորություն։
Կարինա Վիվի Նաջարյանի հետ հանդիպումը ևս մեկ գեղեցիկ խթան դարձավ երեխաների ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ամրապնդելու և գրքի հանդեպ սերը խորացնելու ճանապարհին։
