Երկուշաբթի, 8 Հունիսի, 2026
Միջոցառումներ

Գյումրու տարեցների հայրենասիրական գեղեցիկ շունչը գրադարանում

Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին «Հայկական Կարիտաս» Գյումրու տարեցների ցերեկային կենտրոնի շահառուները՝ հայրենասիրական շնչով լեցուն գեղեցիկ միջոցառմամբ։
Միջոցառումը կազմակերպել էին կենտրոնի ծրագրերի համակարգող Գուրգեն Բաղդասարյանը, սոցիալական աշխատող Մարգարիտ Հակոբյանը և խմբավար Նինա Գևորգյանը։
Միջոցառումը նվիրված էր Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը։ Դահլիճում տիրում էր ջերմ ու հուզիչ մթնոլորտ․ տատիկներն ու պապիկները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեցին հայրենասիրական երգեր՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային ոգու, հիշողության և միասնականության ուժը։ Նրանց անկեղծ ու հոգեցունց կատարումները հուզել էին ներկաներից յուրաքանչյուրին:
Միջոցառման երաժշտական շունչն ամբողջացրեց քանոնահարուհի Հասմիկ Ղազարյանը, ով ավելի տպավորիչ դարձրեց յուրաքանչյուր ելույթ։
Հանդիպման ավարտին Գուրգեն Բաղդասարյանը գրադարանին նվիրեց գիրք և շնորհակալագիր՝ համագործակցության և ջերմ ընդունելության համար։
Միջոցառումը վարում էր այլ խմբերի սպասարկման աշխատանքների բաժնի գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանը։
Ավարտին իր շնորհակալանքի ու գնահատանքի խոսքն ասաց գրադարանի մանկապատանեկան բաժնի վարիչ Գեղեցիկ Գևորգյանը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները ոչ միայն հիշեցնում են մեր պատմության փառավոր էջերը, այլև նոր սերունդներին փոխանցում ազգային ինքնության կարևոր արժեքները։ Խոսելով նաև ներկաների անունիցԳ. Գևորգյանը նշեց, թե որքան տպավորիչ է տեսնել, որ տարեցները նման նվիրումով ու եռանդով հանդես են գալիս իրենց ելույթներով հայրենասիրական ոգի փոխանցելով բոլորին: Վերջում նա մաղթեց կենտրոնի տարեցներին ամուր առողջություն, երկար տարիների կյանք և նորանոր գեղեցիկ հանդիպումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով