Ի՞նչ է մեդիագրագիտությունը և ինչպես պաշտպանվել համացանցի վտանգներից
Շիրակի մարզային գրադարանի մեդիակենտրոնի անդամները՝ Մեդիագրագիտություն կրթական ծրագրի շրջանակներում, հերթական ուսուցողական դասն անցկացրեցին Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցում։
«Ի՞նչ է մեդիագրագիտությունը և ինչպես պաշտպանվել համացանցի վտանգներից» թեմայով հանդիպումը կազմակերպվել էր թվային գրագիտության դասի շրջանակում, (ուսուցիչ` Լ. Զարգարյան), ինչն առավել ամբողջական ու արդյունավետ դարձրեց թեմայի ներկայացումը։ Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան տեղեկատվության ստուգման գործիքներին, կեղծ լուրերի տարբերակման մեթոդներին, անձնական տվյալների պաշտպանության կարևորությանը և համացանցում անվտանգ հաղորդակցության կանոններին։
Դասը վարեցին մեդիակենտրոնի անդամներ Մ. Հովհաննիսյանը և Տ. Ավետիսյանը՝ ստեղծելով ակտիվ ու քննարկումներով լի միջավայր։ Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, (դասղեկներ` Ք. Գրիգորյան,Մ. Խաչատրյան), ովքեր մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին թեմատիկ քննարկումներին, ներկայացրին սեփական փորձը և պատասխանեցին ինտերակտիվ հարցերին։
Լինելով կրթական և տեղեկատվական կարևոր կենտրոն՝ գրադարանը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների մեդիագրագիտության զարգացմանը, քննադատական մտածողության ձևավորմանը և անվտանգ թվային միջավայրում ճիշտ կողմնորոշվելու հմտությունների ամրապնդմանը։
