Խաչատուր Ավետիսյան 100
Շիրակի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: «Երբ նշում ենք նրա հոբելյանը, մենք ոչ միայն հիշում ենք մեծ արվեստագետին, այլև վերահաստատում նրա թողած ժառանգության կարևորությունը»,- բացման խոսքում նշեց գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը:
Միջոցառումը մեկնարկեց Խ. Ավետիսյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ:
«Հին Ֆայտոն » երգի խոսքերի հեղինակ Գագիկ Հովհաննիսյանը պատմեց երգի ստեղծման պատմությունը:
Այնուհետև ներկաները ունկնդրեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից մեկի կատարումը ԵԿՊԿ-ի ԳՄ-ի ուսանող Գևորգ Կիրակոսյանի կատարմամբ, մշակույթի գործիչ, դոցենտ Տիգրան Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ:
Իրենց նուրբ ու զգայական կատարումներով միջոցառման երաժշտական մթնոլորտն ամբողջացրեցին «Վարդուհի» արվեստի դպրոցի (Ալինա Մացակյան), Ա․ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի քանոնահարուհիները (Ռոզա Մելքոնյան, Մոնիկա Ներսիսյան) և պարային գեղեցիկ կատարումներով «Գանձեր» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հռիփսիմե Աբաջյան):
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը ամփոփիչ խոսքում կարևորեց նման միջոցառումների դերը մշակութային արժեքների պահպանման և փոխանցման գործում: Իրենց տպավորություններով կիսվեցին նաև ներկաները, շնորհակալական խոսքեր հղեցին միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ հայ մշակութային ժառանգության լավագույն ձեռքբերումները հանրայնացնելու, գրադարան-ընթերցող կապը ամուր պահելու համար:
Այսպիսի հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են, որ մշակույթը միավորում է մարդկանց՝ դառնալով կամուրջ ներկայի և անցյալի միջև։
