Երկուշաբթի, 8 Հունիսի, 2026
Գիտական հայացք դեպի գրականությունՄիջոցառումներ

Շիրազյան լսումներ

«Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում, Հովհաննես Շիրազի ծննդյան օրվան ընդառաջ, Շիրակի մարզային գրադարանում անցկացվեց «Շիրազյան լսումներ» գրական հանդիպում։
Ազգային գրադարանային շաբաթը հանդիսավոր կերպով բացեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ խորհրդանշական է շաբաթվա մեկնարկը հենց Շիրազին նվիրված միջոցառումով սկսելը, որի պոեզիան խորապես արմատավորված է ազգային ինքնության, սիրո և մարդկային արժեքներով։ «Գարնան շնչով ծնված, Գյումրու հոգին իր պոեզիայի մեջ կրող Հովհաննես Շիրազը հայ գրականության ամենասիրված ու ամենազգացմունքային բանաստեղծներից է: Շիրազի խոսքը տարիներ շարունակ ուղեկցել է հայ մարդուն` հիշեցնելով մեզ մեր հայրենիքի, լեզվի, սիրո և մարդկային արժանապատվության մասին», — նշեց Ս․Գևորգյանը։
Օրվա ծրագրում ներառված հաղորդումները հանդիսացան մեծանուն բանաստեղծի ստեղծագործական ժառանգության բազմաշերտ բացահայտում։ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի ու հ․գ․թ․ Կարինե Սահակյանի ելույթը «Մայրական կերպարի լեզվական կոդավորումը Հ. Շիրազի բանարվեստում» թեմայով էր; Շիրազի տուն-թանգարանի ֆոնդապահ Կարինե Գաբրիելյանը ներկայացրեց «Քառյակները Շիրազի պոեզիայի փիլիսոփայական հանգրվան» թեման; բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ, Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Մարտիրոսյանը հանդես եկավ «Հայաստանի գրողների միության 7-րդ համագումարում 1976թ. Հ.Շիրազի ելույթի շուրջ» հաղորդումով։ Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարանի հայոց լեզվի և գրականության մասնագետ, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրակրթական ցիկլի ղեկավար Անահիտ Շահբազյանը ներկայացրեց «Մարդը Շիրազի բիբլիական պոեմում» թեման; Շիրակի մարզային գրադարանի աշխատակցուհի Ռոզետա Միքայելյանը խոսեց «Սերը Շիրազի կյանքում ու քնարերգության մեջ» թեմայի շուրջ:
Շիրազյան լսումների բանախոսների տարաբնույթ թեմաները օգնեցին ավելի խորությամբ բացահայտելու Շիրազի ստեղծագործական աշխարհը, կյանքի տարբեր փուլերը՝ ընդգծելով անձնական ապրումների, հատկապես սիրո ու ցավի ազդեցությունը նրա պոեզիայի անկրկնելի հնչերանգի ձևավորման վրա։
«Այս ընթացքում մենք ոչ միայն կարդացինք բանաստեղծություններ, այլև ապրեցինք Շիրազի խոսքով. լսեցինք նրա սերը, ցավը, անսահման նվիրումը հայրենիքին ու մարդուն», — միջոցառումն այսպես ավարտեց միջոցառումը վարող, գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների բաժնի վարիչ Անի Արշակյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով