Մասնագիտություններ փորձով և պատմություններով՝ Արաքսյա Մելիքյան
Շիրակի մարզային գրադարանի «Մասնագիտություններ փորձով և պատմություններով» նոր կրթական նախագծի անդրանիկ հանդիպումը նվիրված էր Թատրոնի համաշխարհային օրվան, որն ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է մարտի 27-ին։
Միջոցառման հյուրը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն էր:
«Այս տեսակի հանդիպումները ինձ համար շատ կարևոր են, քանի որ միայն բեմից հնարավոր չէ լիարժեք զգալ հանդիսատեսին։ Այդ առումով նման ձևաչափը շատ հետաքրքիր և արժեքավոր փորձառություն է», — նշեց դերասանուհին՝ մաղթելով նախագծին երկարատև շարունակականություն։
Հանդիպման ընթացքում դերասանուհին խոսեց իր մասնագիտական ուղու, հանդիպած դժվարությունների, հաջողության հասնելու ճանապարհի և այն կարևոր գաղտնիքների մասին, որոնք օգնել են կայանալ իրեն այդ ոլորտում՝ անդրադառնալով նաև մանկության տարիներին։ Նա ներկայացրեց նաև գործընկերների հետ ունեցած հետաքրքիր դեպքերն ու բեմական փորձառությունները։
Հանդիպմանը ներկա էին երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին դերասանական արվեստով և թատրոնի աշխարհով։ Նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ ուղղելով զանազան հարցեր, կիսվելով իրենց մտքերով և ստանալով մասնագիտական արժեքավոր խորհուրդներ։
Միջոցառումը վարեց գրադարանի աշխատակցուհի Աննա Հարոյանը, ով հարցուպատասխանի ձևաչափով փորձեց բացահայտել դերասանուհու մասնագիտական ուղին ու ստեղծագործական փորձառությունը՝ որոնց զուգորդված անձնական պատմությունները ստեղծեցին ջերմ և անկաշկանդ մթնոլորտ։
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը դերասանուհուն հանձնեց հուշանվերներ՝ նրա դիմապատկերներով պատրաստված էջանիշներ։
Արաքսյա Մելիքյանը մեծ ուրախությամբ ընդունեց նվերը՝ նշելով, որ մինչ այդ նման յուրահատուկ նվեր չի ստացել։
Շիրակի մարզային գրադարանի ընթերցողների անունից շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին հետաքրքիր և բովանդակալից հանդիպման համար։
Նշենք, որ նախագծի նպատակն է՝ օգնել երիտասարդներին բացահայտելու տարբեր մասնագիտությունները նոր տեսանկյունից՝ իրական փորձի, հետաքրքիր պատմությունների և մասնագիտական խորհուրդների միջոցով։
Սիրելի հետևորդներ, սպասեք մեր նախագծի հաջորդ հետաքրքիր մասնագիտությամբ հյուրին։
Գրադարանի կրթական` «Մասնագիտություններ փորձով և պատմություններով» նոր նախագիծը այլևս պատմություն է։
Նախագծի առաջին՝ անդրանիկ միջոցառման հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն էր, ով ներկայացրեց իր փորձը, խոսեց մասնագիտության դժվարությունների և առավելությունների մասին, ինչպես նաև կարևոր խորհուրդներ տվեց ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ։
Հանդիպումը հատկապես օգտակար էր այն մասնակիցների համար, ովքեր հետաքրքրված էին թատերական արվեստով, քանի որ այն օգնեց ավելի խորությամբ հասկանալ դերասանի մասնագիտության բովանդակությունը, պահանջներն ու հնարավորությունները։
