Մետաքսյա Սիմոնյան- 100
Գրադարանը որպես ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև կրթական հարթակ
Տեղի ունեցավ կինոյի ու թատրոնի խորհրդահայ դերասանուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված բաց դաս:
Մասնակիցները ԵԹԿՊ-ի ԳՄ դերասանա-ռեժիսորական բաժնի III-րդ կուրսի ուսանողներն էին։ Բաց դասը վարում էր ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս,Գյումրու Վ.Աճեմյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը:
Օրվան նվիրված գրադարանի արվեստի բաժնում ձևավորվել էր արտիստուհուն նվիրված հարուստ գրքային ցուցափեղկ, ուր ներկայացված հրատարակությունները ևս ներառվեցին բանախոսի տեղեկատվության մեջ՝ ամբողջական ու լիարժեք դարձնելով սիրված դերասանուհու կենսագրության, անցած ստեղծագործական ճանապարհի, կինոյի և թատրոնի աշխարհում մարմնավորած կերպարների, և առհասարակ, հայ բեմարվեստում ունեցած վաստակի մասին բանախոսի ներկայացրած հարուստ ու հետաքրքիր խոսքը։
Ծավալվեց աշխույժ մտքերի փոխանակություն, անցյալի ու ներկայի համեմատական քննարկում։ Այս հանդիպումը ևս, հավաստումն էր այն իրողության, որ հայ մեծերի ստեղծագործական կյանքը ոչ միայն նրանց հիշելու և գնահատելու, այլև սերունդներ դաստիարակելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ։
