Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Միջոցառումներ

Արգելված գրքեր.ինչո՞ւ են դրանք մինչև հիմա ընթերցվում

Ինչու ՞ են գրքերն արգելվել տարբեր ժամանակաշրջաններում և ինչու ՞ է «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը հայտնվել այդ ցանկում։
Այս և այլ արգելված գրքերի մասին էր Շիրակի մարզային գրադարանում կազմակերպված հանդիպում-քննարկումը, որը վարեց գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից Սանասար Թումասյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանում հայտարարված «Արգելված գրքերի շաբաթվա» շրջանակներում։
Արգելված գրքերի թեման միշտ էլ բուռն քննարկումների պատճառ է եղել, որովհետև այստեղ խաչվում են ազատ խոսքը, բարոյական նորմերը, քաղաքական շահերը և հասարակության վախերը։ «Ժամանակի ընթացքում, տարբեր դարերում, բազմաթիվ գրքեր են արգելվել տարբեր պատճառներով», — նշեց Ս․ Թումասյանը հավելելով, որ Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը ժամանակին արգելվել է Չինաստանում կենդանիների մարդակերպ նկարագրության համար։
Միջոցառման վարողը մանրամասն ներկայացրեց Ընթերցարանում ցուցադրված «արգելված» գրքերը, ներկայացրեց նաև տարբեր դարերում արգելված գրքերի օրինակներ՝ անդրադառնալով դրանց արգելման պատճառներին՝ քաղաքական, գաղափարական, բարոյական կամ մշակութային։ Քննարկման առանցքում էին նաև գրաքննության ազդեցությունը հասարակության վրա և այն հարցը, թե ում շահերն են իրականում պաշտպանում գրականության նկատմամբ սահմանափակումները։
Բացահայտելով գրականության «արգելված» կողմը՝ միջոցառման ավարտին ներկաները արտահայտեցին իրենց տեսակետներն ու մտահոգությունները։
Գրքի արգելումը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում։ Արգելված գիրքը հաճախ դառնում է ավելի հետաքրքիր ու ազդեցիկ։ Ընթերցողը պետք է ունենա ինքնուրույն ընտրելու և մտածելու իրավունք։ Իհարկե, կան տարիքային ու բարոյական սահմաններ, բայց արգելքը երբեք չի եղել կրթության լավագույն ճանապարհը։ Ավելի ուժեղ է բացատրությունը, քննարկումը, համատեղ ընթերցումն ու կարծիքների փոխանակումը։ Գրադարանները հենց այն կրթամշակութային օջախներն են, որտեղ արգելված գաղափարները պետք է դառնան ուսումնասիրվող, քննարկվող և հասկանալի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով