Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Միջոցառումներ

«Հավատքի խաչուղիներում» խորագրով հանդիպում

«Որտե՞ղ, եթե ոչ գրադարանում, կարող է մարդը հագեցնել իր հոգևոր ծարավը, այնտեղ, որտեղ պահված են գրքեր՝ որպես հոգևոր սնունդ և իմաստության աղբյուր»,- Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնում տեղի ունեցած «Հավատքի խաչուղիներում» խորագրով հանդիպում այս խոսքերով սկսեց սեմինարավար,գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանը։
Սեմինարի ընթացքում Սանասար Թումասյանն անդրադարձ կատարեց կրոնների ծագման, մարդու հոգևոր հավատալիքների ձևավորման գործընթացներին, տարբեր հասարակություններում կրոնական ուղղությունների զարգացման պատմական ուղիներին։ Նշվեց, որ դեռևս հնագույն ժամանակներից մարդը փորձել է բացատրել իրեն շրջապատող բնությունը, կյանքի և մահվան առեղծվածը, բնական երևույթները։ Այդ փորձերը աստիճանաբար ձևավորել են մարդու առաջին պատկերացումները կրոնի մասին։
Քննարկվեցին նաև բազմաստվածային և մոնոթեիստական կրոնների ձևավորման, գաղափարական հիմքերի և մարդկային մտածողության վրա դրանց ազդեցության թեմաները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ կրոնը ոչ միայն հավատքի համակարգ է, այլ նաև վարքականոնների և հասարակական հարաբերությունների կարգավորիչ գործոն։
Հանդիպմանը ներկա էին գրադարանի ընթերցողներ, աշխատակիցներ ու թեմայով հետաքրքրվողներ: Սեմինարի ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան արտահայտելու նաև իրենց տեսակետները:
Սեմինարը նպատակ ուներ նպաստելու մասնակիցների աշխարհայացքի ընդլայնմանը, կրոնների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը և հոգևոր արժեքների կարևորության գիտակցմանը ժամանակակից հասարակության մեջ։
Գրադարանի Սպասարկման բաժնում բացվել էր նաև թեմատիկ ցուցափեղկ, որտեղ ներկայացված էին բաժնի գրքային հավաքածուի կազմում առկա կրոնական ուղղություններին նվիրված գրքեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով