Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Միջոցառումներ

Սուրբ ծննդյան երգը

Գրքի քննարկում, թեմատիկ ֆիլմի դիտում, հաճելի շփում գրքի ու կինոյի սիրահարների հետ, լավ տրամադրություն ու ջերմ մթնոլորտ: Ահա այսպես նշվեց Հին Նոր Տարին Շիրակի մարզային գրադարանում՝ Գյումրու Րաֆֆու անվան թ․ 32 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների, գրադարանի աշխատակիցների ու ընթերցողների հետ միասին։
«Նոր տարվա և Սուրբ Ծննդյան օրը բոլորս մտովի փորձում ենք վերլուծել անցնող տարին ու հասկանալ՝ գալիք տարվանից ինչ սպասելիքներ ունենք։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում հոգևոր հարստությունը, որով մեր սրտերը լցնում են Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոշեցինք այս ձևաչափով տոնել Հին Նոր Տարին», — նշեց հանդիպումը վարող Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից Սանասար Թումասյանը։
«Կարծում եմ, որ այս մուլտֆիլմը դիտելուց հետո ներկաները կդառնան ավելի բարի», — ամփոփեց հանդիպումը վարողներից Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Աննա Հարոյանը։
Ներկաները նախ դիտեցին բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» հեքիաթային պատմության հիման վրա նկարահանված մուլտֆիլմը, որից հետո այն համեմատեցին գրքի հետ։
Պատմությունը մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկերը, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագայի ոգիները: Նրանց այցելություններից հետո ծերուկը մեկ գիշերվա ընթացքում ինքնամաքրվում է և վերափոխվում:
Ներկաները կիսվեցին մուլտֆիլմից ստացած իրենց տպավորություններով։ Հանդիպման ընթացքում խոսվեց ժամանակը ճիշտ օգտագործելու, ինչպես նաև արվածն ու չարվածը վերլուծելու կարևորության մասին։
Քննարկված պատմությունը կարևոր ուղերձ փոխանցեց այն մասին, որ մարդը պատասխանատվություն է կրում իր կատարած յուրաքանչյուր քայլի և ընտրության համար։ Այն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի փոխվելու և վերափոխվելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով