Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Գրքի միջով հեքիաթի աշխարհ

Գրքի միջով հեքիաթի աշխարհ… հենց այսպես Շիրակի մարզային գրադարան մուտք գործեցին երեխաները, ուր տիրում էր տոնական մթնոլորտ: Գրադարանի տիկնիկային թատրոնի պաշտոնական բացումը սկսվեց կարմիր ժապավենը կտրելով, որից հետո հյուրերը ջերմ ծափահարություններով ողջունեցին այս կարևոր պահը, իսկ փոքրիկները անհամբեր սպասում էին ներկայացման սկզբին։
Փոքրիկ հանդիսատեսին դիմավորեցին ուրախ երաժշտությամբ ու գունագեղ դեկորներով: «Անտառի բնակիչները» հեքիաթի հերոսները ողջունեցին և հրավիրեցին նրանց ինքնատիպ կախարդական աշխարհ, որ հորինվել էր գրադարանի Մանկապատանեկան բաժնի աշխատակիցների կողմից:
Երեխաները մասնակցեցին ներկայացմանը, օգնեցին հերոսներին լուծել առաջադրանքները, իսկ վերջում հետաքրքրասեր ու ժպտացող դեմքերով քննարկեցին հեքիաթի ամենահետաքրքիր պահերը։
Հեքիաթը կոչ էր անում երեխաներին լինել ընկերասեր, օգնել միմյանց, լինել ուշադիր միմյանց հանդեպ։ Անտառի հերոսները փոքրիկներին ցույց տվեցին, որ միասին կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն, իսկ բարությունը միշտ վերադառնում է բարությամբ։
Հեքիաթի ավարտին էլ երկնքից ընկավ երեք խնձոր, մեկըասողին, մեկը լսողին, մեկն էլ` ականջ դնողին:
Ներկաները գրադարանից հեռացան հուշանվեր գրքերով ու էջանիշերով։
Միջոցառումը վարեց գրադարանի Մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Սուսաննա Պառավյանը, իսկ տիկնիկավարները գրադարանավարներ Վիկա Պողոսյանն ու Դիանա Ստեփանյանն էին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով