Երեխաների իրավունքներն ու պարտականությունները
«Մենք բոլորս սովորելու, արտահայտվելու, անվտանգ ապրելու իրավունք ունենք, բայց միևնույն ժամանակ ունենք նաև պարտականություններհարգել ուրիշների իրավունքը, հետևել կանոններին և պատասխանատու լինել մեր գործերի համար», - Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցած «Երեխաների իրավունքներն ու պարտականությունները» խորագրով հանդիպման ընթացքում նշեց Մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Աննա Գնթունին: Նա հիմնավորեց, որ իրավունքներն ու պարտականությունները միասին են ձևավորում մեր կյանքը և միայն դրանց հավասարակշռությամբ է հնարավոր ունենալ արդար ու թափանցիկ հասարակություն: «Պարտականությունը փոքր, բայց կարևոր գործ է, որն օգնում է, որ ամեն բան ճիշտ աշխատի: Օգնում է, որ երեխան մեծանա կարգապահ, պատասխանատու և ինքնուրույն ինչպես տանը, այնպես էլ դպրոցում և ընկերների հետ հարաբերություներում: Երեխան սովորում է խոստումները պահել և լինել վստահելի», - հավելեց Աննա Գնթունին: Հանդիպմանը ներկա էին Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի 1-ին և 2-րդ կուրսեցիները ուղեկցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասախոս Մարուսյա Համբոյանի և «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոս Քրիստինե Խաչատրյանի, Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերները` ուղեկցությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ամալյա Բարսեղյանի, գրադարանի աշխատակիցներ և թեմայով հետաքրքրվող անձինք:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին տեսանյութեր մարդու սահմանադրական բարձրագույն արժեք լինելու և ծնողների իրավունքների և պարտականությունների մասին , ինչպես նաև գուշակեցին հանելուկներ ու խաղացին «Ճիշտ և սխալ» խաղ, որոնց միջոցով ամփոփեցին հանդիպման ընթացքում ստացած նոր գիտելիքները:
«Երեխայի իրավունքներն ու պարտականություններն սկսվում են սիրուց, ապա անցնում պատասխանատվության միջով: Այդ ճանապարհը մենք և մեր շրջապատում գտնվող երեխաները միասին են անցնում» , — իր ելույթն այսպես եզրափակեց Աննա Գնթունին:
Հանդիպումն անցավ ակտիվ և կառուցողական միջավայրում, որտեղ ներկաները հնարավորություն ունեցան ազատ արտահայտել իրենց մտքերն ու հարցերը, աշակերտներին էր օգնեց ավելի խորապես հասկանալ, թե ինչու է կարևոր իրավունքների և պարտականությունների հավասարակշռությունը:
Ներկաներին և հանդիպման վարողին ուղված շնորհակալական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը, ով երիտասարդներին հորդորեց իմանալ իրենց իրավունքները։
